Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզիչ տեսարան՝ վիրավոր զինվորին նախագահականում մեդալ շնորհելիս

Սեպտեմբեր 21,2018 15:20

Այսօր Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներով պարգեւատրեց ծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերած զինվորականների:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվեցին հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանը:

Ուշագրավ էր, որ երբ Արիության մեդալով պարգեւատրեցին Արցախում վիրավորված զինվոր Հովհաննես Պողոսյանին, որին օգնելով մոտեցրին նախագահին՝ պարգեւը ստանալու, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն իսկույն ոտքի կանգնեց ու նրան հետեւելով՝ դահլիճում բոլոր ներկաները հոտնկայս ողջունեցին զինվորի պարգեւը՝ սկսած վարչապետից ու փոխվարչապետներից մինչեւ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, ներկա զինվորականներն ու ոստիկանները:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում էր ստացել գլխի շրջանում ու վիրահատությունների ենթարկվել:

Պարգեւատրման արարողությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանն ասաց, որ որդին շատ է ուրախացել՝ Արիության մեդալի մասին իմանալիս: Սա նրա երկրորդ պետական պարգեւն է, առաջինը ստացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանից: Մոր խոսքերով՝ Արցախից պարգեւ ստանալը նրա համար մի ուրիշ ուրախություն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930