Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ պետության
գործը միայն մրցակցություն ապահովելը չէ, այլեւ ոլորտը կանոնակարգելը
Փոքր ու միջին բիզնեսի մեծ մասը չնայած կենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, եւ գործարարներին մտահոգող մի շարք խնդիրներ կան` բիզնեսի կազմակերպչական, տեղական հարկուտուրքերի առումով, այդուհանդերձ ավագանու անդամների եւ քաղաքապետի թեկնածուների ծրագրերում այս ոլորտին առնչվող խնդիրների լուծման կետերը գրեթե բացակայում են:
Թեկնածուները շեշտն ավելի շատ դնում են տեսանելի խնդիրների` աղբահանություն, տրանսպորտ, թեքահարթակների տեղադրում, կանաչ տարածքների ավելացում, կենտրոնի բեռնաթափում, տանիքների ու մուտքերի վերանորոգում, եւ այլնի լուծման վրա: Մինչդեռ Երեւանի բյուջեի մի զգալի հատվածը գոյանում է փոքր ու միջին բիզնեսի վճարած հարկերից ու տուրքերից, որոնք կրկին վերադառնալով Երեւանին` ծախսվում են տարբեր խնդիրների լուծման համար:
«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը համարում է, որ բիզնեսին աջակցության ծրագրերը ոչ միայն թեկնածուների ծրագրերից են բացակայում, այլեւ պետության կառավարման մարմինների: «Առավոտի» հետ զրույցում պարոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ այդ խնդիրն ընդհանրապես առկա է ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանում:
«Ամենակարեւոր բանն այն է, որ որեւէ անհատ կամ անհատների խումբ, երբ ձեւավորում է ինչ-որ մի միավոր, որը տնտեսական գործունեություն պետք է իրականացնի, անմիջապես առերեսվում է բոլոր այն խնդիրներին, որոնք ստեղծում են թե՛ տեղական եւ թե՛ պետական իշխանությունները, թե՛ հարկային, մաքսային մարմինները: Ընդհանրապես աշխարհում, այսպես ասած, մի կարգ կա, որը գործում է շատ հստակ: Օրինակ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում դու կարող ես հիմնադրել մի բիզնես, որը ասենք` առաջին հինգ-տասը տարում որեւէ առնչություն չունենա որեւէ հարկային կամ որեւէ նման միավորի հետ: Որովհետեւ ցանկացած պետության, ցանկացած հանրության խնդիրը պետք է լինի տնտեսվարողին խթանելը, որպեսզի նա կարողանա գործունեություն ծավալել, ամուր կանգնել ոտքերի վրա, եւ հետո արդեն իսկ դառնա պատշաճ ձեւով հարկեր վճարող եւ երկրի բարեկեցությանը նպաստող անհատ կամ կազմակերպություն»: Մինչդեռ, ըստ Արարատ Զուրաբյանի, մեզ մոտ մոտեցումը տարբեր է, եւ այդ մոտեցման տարբերությունը բերում է նրան, որ շատ-շատերը, սկսելով տնտեսական որեւէ գործունեություն, շատ կարճ ժամանակահատված հետո ստիպված են լինում այն դադարեցնել, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, տեսնում են` այն իրագործելը բավականաչափ բարդ է: Քաղաքապետի թեկնածուն, որը տարիներ առաջ ղեկավարել է Կենտրոնի թաղապետարանը, մատնանշում է մեկ այլ, նրա խոսքով ասած, վնասակար երեւույթ. «Մի փողոցի օրինակով կարող եմ ասել. ունենք Պռոշյան փողոցը, որտեղ բոլորը խորովածի բիզնես են դրել: Սկզբում այդ փողոցում երկու մանղալ էր, մարդիկ խորոված էին պատրաստում` վաճառում: Այդ բիզնեսը հաջողություն ուներ, նրանք ինչ-որ տեղ ծավալվեցին: Հարեւանները, տեսնելով այդ ամենը, նրանք էլ սկսեցին նույն բիզնեսն անել: Այն աստիճան բոլորը արեցին, որ բոլորը միասին թաղեցին իրենց բոլորի բիզնեսը: Սա Հայաստանի ամենալուրջ եւ ընդունված մոտեցումն է: Ինչո՞ւ է այդպես, բացատրեմ. որովհետեւ Հայաստանում չեն գործում ինստիտուտներ, որոնք պետք է, այսպես ասած, խորհրդատվական գործունեություն իրականացնեն, մասնագիտական եզրահանգում լինի` այստեղ եթե դու այս բիզնեսը կազմակերպես, ինչ արդյունքներ պետք է ակնկալես, ինչ կլինի եւ ինչ չի լինի: Դրանք գործառույթներ են, որոնք մասամբ իր վրա պետք է վերցնի մասնավորը, բայց այստեղ շատ լուրջ անելիք ունի նաեւ պետությունը, իսկ մեր պարագայում՝ նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Որովհետեւ մի բան է՝ մրցակցության ապահովում բոլորի համար, որն ամբողջ աշխարհում առկա է, մի բան է՝ լիցենզավորումն այս կամ այն գործունեության տեսակի, որը սահմանափակում է մեկ ուրիշի բիզնեսի եւ դրանց մեջ շահերի, եկամուտների ոտնահարումը»:
Պարոն Զուրաբյանն ասում է, որ այս ոլորտում լուրջ բացթողումներ կան, եւ արտաքին աշխարհից Հայաստանը պարզապես կտրված է:
«Ես ունեմ հստակ պատկերացում այս ամենը կարգավորելու եւ կանոնակարգելու մասով եւ պատրաստ եմ դրանք շատ կարճ ժամանակում կյանքի կոչել, որովհետեւ մարդիկ սկսել են բիզնես` կատարելով բավականին լուրջ ծախսեր, եւ հետո տուժում են, որովհետեւ համապատասխան միջավայրը, գիտելիքները եւ համապատասխան մոտեցումներն առկա չեն»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
21.09.2018