Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան շուտ ներկայացնենք այնպիսի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մեր ազգի բոլոր հատվածները, այնքան շուտ կդիմակայենք բոլոր խնդիրներին». Զարուհի Փոստանջյանը՝ Եռաբլուրում

Սեպտեմբեր 21,2018 15:06

«Արդարություն և օրենք: Դեպի Արարատ»,-«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Եռաբլուրում այսպիսի կարգախոսներով հանդես եկավ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Անկախ ապրելն այնպիսի արժեք է, որին ոչինչ չի կարող փոխարինել: Այդպիսի արժեքի համար պետք է պայքար մղել, որ չկորցնենք մեր անկախությունը, այլ ավելին, ազատագրենք մեր՝ դեռ գերված հայրենիքը»:

Կուսակցության անդամները ՀՀ Անկախության 27-րդ ամյակի կապակցությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն: Հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Օզանյանի եւ Մոնթեի, Իգոր Մուրադյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Իգոր Մուրադյանի մասին Զարուհի Փոստանջյանն ասաց. «Նա եզակի քաղաքական գործիչ էր, որ դեռ արցախյան շարժումն իր թափը չէր առել, նա կանխազգացել էր, որ պետք է լինի պատերազմ և պետք է պատրաստվենք պատերազմին»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին շիրիմների մոտ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Քաղաքական վերնախավի դավաճանության հետևանք էր, որ այսօր մենք ամփոփել ենք մեր երիտասարդներին: Ներկայիս քաղաքական վերնախավը պետք է պատրաստ լինի, քանի որ պատերազմ լինելու է. դրա մասին խոսում են բոլոր փաստերն ու գործողությունները: Մենք պետք է և′ ազգով, և′ հատկապես քաղաքական վերնախավը պետք է պատրաստ լինի պատերազմի: Այս անգամ չպետք է լինի զինադադար, զինադադար ոչ նպաստավոր պայմաններում, այլ պետք է լինի այլ մոտեցում ու ճանապարհ, ազատագրում մինչև դաշտային Արցախ և ազատագրում Նախիջևանի, քանի որ այլ կերպ չենք կարող կանխել ապագա հարձակումները»:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ քաղաքական ուղերձով: Նա հայտարարեց. «Եռաբլուրի բարձունքից մեր հերոսների պանթեոնից նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը և հայերի մրցունակության դարն է բացվում: Մեր կյանքում առաջիկա կարևոր իրադարձությունը ազգային խորհրդարանի ընտրությունն է, որը միասնություն և ինքնահամախմբում է պահանջում, ժամանակակից հայկական պետականության բոլոր հատվածի քաղաքական մանդատի վերականգնում: Այսօր մեր հայ ազգի քաղաքական մանդատը տարածվում է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, և այս տարածքում յուրաքանչյուր հայ մարդ, որն ունի ՀՀ քաղաքացի լինելու իրավունք, ունի իրավունք իրացնելու իր քաղաքացիական իրավունքները՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը: Մասնավորապես խորհրդարանի ձևավորման ժամանակ արցախահայությունը պետք է մասնակցի որպես Արցախի մարզ և ունենա իր պատգամավորը ու ընտրի պատգամավորներ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է տարբեր հայաշատ քաղաքներում ապրող մեր քաղաքացիներին հնարավորություն տանք այնտեղ ընտրելու. «Իրենց ընտրության հնարավորության ընձեռումը միանշանակ պետք է ամրագրվի սահմանադիր օրենքներով: Պետք է ընդունվի այնպիսի սահմանադիր օրենսդրություն, որով պետք է վերագրանցվեն բոլոր կուսակցությունները, որ մենք հնարավորություն ունենանք ազատվելու նախորդ ավտորիտարիզմի ժամանակ տեղի ունեցած ապօրինություններից: Որքան շուտ ներկայացնենք այնպիսի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մեր ազգի բոլոր հատվածները, այնքան շուտ կդիմակայենք բոլոր խնդիրներին»:

Եռաբլուրից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները քարոզարշավ անցկացրին Նորագավիթում: Կուսակցության անդամները Նորագավիթում այսպիսի կոչով են հանդես գալիս. «Սեպտեմբերի 23-ին դնում ենք ընտրելու արդարության և օրենքի պաշտպան Զարուհի Փոստանջյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930