ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման, հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման հարցերին։
Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։
Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին