«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
Սիրելի’ հայրենակիցներ, այսօր մեր պետության կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության տոնը: 27 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, և ես այսօր համայն աշխարհի հայերին շնորհավորում եմ կարևոր այս հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 27 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, իրացնում սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը: Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում վստահաբար արմատավորված է ազգային պետականության գաղափարը: Անվիճելի է, որ անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար, միայն այս դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր-օրի զարգացող ու բարգավաճ Հայաստանում:
Տոնդ շնորհավո՛ր անկախ Հայաստան: