ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը զայրացած է, ըստ նրա՝ շատ անհասկացողներ շարունակում են պնդել, որ անկախությունն արցախյան շարժման արդյունք է, մինչդեռ, ըստ նրա, դա ծրագրված, հատուկ մշակված ուղի է եղել. «Մեր պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ տոներ, բայց այդ տոների թվում կա մեկը, որը ծրագրված է եղել: Նույնիսկ մայիսի 28-ը ծրագրված չէր, որովհետև դրանից առաջ որևէ քաղաքական կազմակերպություն չէր խոսել Արևելյան Հայաստանում անկախ պետություն ստեղծելու մասին: Բայց ձեր խոնարհ ծառան այն երջանիկ մարդկանցից մեկն է, ով 1973 թ.-ից ընկերների հետ նախաձեռնեց ՝ հնամյա ազգը պետք է ունենա ծրագիր և դա իրականություն դարձնելու կարողականություն»:
Նա այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօր հայ ազգի ինքնորոշման տոնն է, ոչ թե անկախության 27 ամյակը. «Չի կարելի խաբել մեզ և կոչել անկախության տոն: Այսօր հայ ազգի ինքնորոշման տոնն է, իսկ եթե խոսում ենք ընդհանրապես հայության անկախության մասին, ապա մենք մեր անկախությունն առաջին անգամ պաշտպանել ենք Հայկի և Բելի կռվում՝ 4500 տարի առաջ… Խորհրդարանը այդ պետության, այդ ազգի անկախության խորհրդանիշն է: Երեկ պետականորեն նշվեց պառլամենտի 100-ամյակը: Եթե դուք պառլամենտի 100-ամյակ եք նշում, այսինքն, անկախության 100-ամյակ, ինչպե՞ս է, որ դրան զուգահեռ նշում եք անկախության 27-ամյակը: Սա ինչ-որ տեղ նաև դավադրություն է:
Մենք բոլոր հին ազգերի հիշատակարաններում հիշվում ենք որպես դեռևս հազարամյակներ առաջ պետականություն ունեցած ազգ: Չի կարելի նսեմացնել, չի կարելի թույլ տալ, որ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանն իրենց անկախության 100-ամյակը նշեն, նույն տարում մենք արհեստականորեն տանենք, մտցնենք մանկահասակ ազգերի ցուցակ: Շնորհավորում եմ բոլորիս, այսպիսի անգրագիտություններից չհուսահատվեք, այնպես է պատահում, որ երբեմն միլիոնավոր մարդիկ են լինում անգրագիտության ճիրաններում, այդպես է նաև այսօր մեր քաղաքական գործիչների մոտ»:
Հայրիկյանն ասաց, որ ԱԻՄ-ը օգոստոսի 29-ին կառավարությանն է ներկայացրել սահմանադրության նախագիծ.
«Նիկոլ Փաշինյանը ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպություն, որը նշանակում է Սահմանադրություն: Նա խոսում է այն մասին, որ երկիրը պետք է պատկանի ժողովրդին, բայց չգիտի՝ ինչպես: Ես էլ տալիս եմ այդ ինչպեսը: Հավատանք, որ ողջախոհությունն իրենց հեղափոխական համարող իշխանությունների մոտ կարող է առողջ եզրակացությունների բերել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ