Այսօր՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի օրվան նվիրված, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց վետերանների միավորում, հանդիպեց վետերանների հետ:
Կարողացել ենք արդյոք 27 տարիների ընթացքում ապրել անկախ հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Հիմա զգում են մարդիկ… Մաղթում եմ, որ Հայաստանի քաղաքացիները զգան անկախ եւ այդպես էլ կա. հպարտ քաղաքացի: Ճանապարհն իրար հետ պետք է հարթենք»:
Հարցին, թե նախընտրական քարոզարշավն արդյոք անցավ համերաշխության մթնոլորտում, թե՞ եղան շեղումներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քարոզչությունն այնպիսի երեւույթ է, որ նորմալ է ցանկացած ժողովրդավարական երկրում կրքեր են բորբոքվում, բանավեճեր, վիճաբանություններ են լինում, կարեւորն այն է, որ բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել: Ի դեպ, տեղյակ եմ, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ, ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ Հայաստանի որեւէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ կարելի է հասկանալ, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ պետք է անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ