Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ մի օր կարող է պարզվել, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից»` բոլորը դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ազգ»

Սեպտեմբեր 21,2018 12:27

Ընտրարշավին հետեւելով` առանձնապես համոզված չենք, որ քաղաքական հանգուցալուծումը մոտ է, քանի որ ընտրարշավը հետ տարավ քողը մի շարք թաքնված իրողությունների վրայից, անգամ թվացյալ դաշնակիցներից անհաշտ մրցակցող ու միմյանց մերկացնող կողմեր ստացավ:

Նախ` որ գնաց շատ հստակ բաժանարար գիծը հեղափոխության հիմնական շարժիչ ուժի եւ նրան պաշտպանող ուժերի միջեւ`«Իմ քայլի» թեկնածուի կողմից քաղաքական ուժերին սեւ ու սպիտակի բաժանելու պատճառով: Դա դարձավ կատալիզատոր, ոչ ոք այդ ուժերից այլեւս չզսպեց մյուսներին կշտամբելու կոշտ բառապաշարը: Առավել ակնհայտ դարձավ «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների հակադրությունը: Այս երկու դաշինքների ներկայացուցիչների մեղադրանքները միմյանց հասցեին ցույց են տալիս, որ այս ուժերի տարաձայնությունները խորանում են օր-օրի, ընդ որում` նրանց, ինչպես, ի դեպ, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների` միմյանց մեղադրելու հիմնական շեշտադրումն այն մասին է, թե ով է գործակցել նախկին իշխանության հետ, ում ցուցակում կան նախկինների ֆավորիտներից: «Իմ քայլի» ակտիվիստները Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստերն են գտնում ԲՀԿ ցուցակում, «Լույսին» անվանում ՀՀԿ-ի հետ համագործակցող, ԲՀԿ-ականները` Միքայել Մինասյանին մոտ կանգնած անձանց են մատնացույց անում «Իմ քայլի» ցուցակում: «Լույսին» հիշեցնում են ոչ հեռու անցյալը, երբ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էր տալիս կոշտ դիմակայությունից անցնել երրորդ ճանապարհին` Սերժ Սարգսյանի հետ երկխոսելուն:

Մեղադրանքներն ըստ էության հասկանալի են եւ բացարձակապես բոլոր ուժերի դեպքում տեղ ունեն` առաջ ո՞վ էր խորհրդարան անցնում առանց իշխանության «դաբրոյի»: Բանը հասել է քաղաքական այս ուժերի համակիրների կողմից սոցիալական ցանցերում հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցնելուն միմյանց հասցեին, նույնիսկ ԲՀԿ ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը ոստիկանությանն է դիմել եւ ներկայացրել հայհոյանքի ու սպառնալիքների կոնկրետ փաստեր անգամ նախարարությունների աշխատակիցների վերաբերյալ: Նա նույնիսկ եւրոպական կառույցներ հարցը հասցնելուց է խոսում: Այ, էս վերջինը չեղավ, Արփինե Հովհաննիսյանը քիչ էր, որ Եվրոպայից փորձում է տղա բերել Հայաստանի վրա` ժողովրդավարության եւ խոսքի ազատության խախտման հարցերը եվրոպական օրակարգ տանելով, Քոչարյանը քիչ էր, որ Պուտինին է տղա բերում երկրի վրա, հիմա էլ ֆեյքերի սպառնալիքները որպես պետական տեռորի կազմակերպման հարց պիտի քննի՞ Եվրոպան Հայաստանի վերաբերյալ. լրիվ ձեռքից գնացել եք, սիրելիներս, ուշքի եկեք:

Իհարկե, ընտրարշավը վեր հանեց մի շարք խորքային իրողություններ, որոնք սովորական առօրյայի մակերեսից չէին երեւում: Այն, որ վարչապետն ու նրա թիմակիցները խնդիր ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու եւ հաջողելու առումով, սա ավելի ակնհայտ է դառնում հիմա, քանի որ նախկին թիմակիցները եւս («Լույսը») կարող են համալրել արտահերթ ընտրությունների գաղափարին դեմ ուժերի շարքերը`չէ որ դիմակայության արդյունքում նրանք կարող են լուսանցք մղվել եւ դուրս մնալ ապագա խորհրդարանից: Ու հանկարծ մի օր կարող է պարզվել, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից»` բոլորը դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սա կարող է խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, որքան էլ նա ասի` դուք ով եք, որ դեմ լինեք արտահերթ ընտրություններին, դա ժողովուրդն է որոշում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930