Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական այս փուլում փոխադարձ կշտամբանքների, մեղադրանքների պակաս չի նկատվում։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը որոշեց մերժել, «պատերազմ» հայտարարել նրանց, ովքեր ԱԺ-ում իրեն աջակցելու որոշում կայացրին և կանգնեցին իր կողքին։ Գուցե կա մի պլան, որը բացառո՞ւմ է այդ ուժերի անհրաժեշտությունն առաջիկա գործընթացներում։
Քաղաքագետ Միքայել Զոլյանը նշեց, որ տեղի ունեցողը չի կարելի բնորոշել որպես պատերազմ. ի վերջո՝ նախընտրական պայքար է, և նախընտրական փուլում այն կարող է լինել շատ սուր և լարված, դա դեռ չի նշանակում, որ կողմերն այրում են բոլոր կամուրջները, և ապագայում նրանց միջև որևէ համագործակցություն բացառվում է:
«Պարզապես այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որում մի կողմից՝ նախկին իշխանության և մյուս կողմից՝ «Լույս» դաշինքի և ԲՀԿ-ի միջև ստեղծվել է շահերի որոշակի ընդհանրություն: Ես չգիտեմ՝ նրանց միջև եղե՞լ են ինչ-որ հանդիպումներ, թե՞ ոչ, բայց օբյեկտիվորեն կա շահերի որոշակի համընկնում: Այսօր ՀՀԿ-ին պետք է, որ «Իմ քայլը» դաշինքը հնարավորինս քիչ ձայն հավաքի, հետևաբար նրան ձեռնտու է, որ մյուս կուսակցություններն ավելի շատ ձայներ հավաքեն: Սակայն չեմ կարծում, որ սա ռազմավարական դաշինք է: Սա պարզապես շահերի ժամանակավոր համընկնում է, և այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ կփոխվի ընտրություններից հետո»,- ասաց քաղաքագետը:
Ավելին, ըստ նրա՝ եթե նայենք ձեր ասած քաղաքական ուժերի պատմությունը, կտեսնենք, որ նրանք միշտ էլ համագործակցել են առավել ուժեղ կողմի հետ. այնպես որ՝ նրանց գործողությունները ապագայում կախված են ոչ թե նրանից, թե նրանց հասցեին ինչ կասի կամ չի ասի Փաշինյանը, այլ նրանից, թե որքան ուժեղ կլինեն Փաշինյանը և ՔՊ-ն:
«Եկեք հիշենք, որ մինչև վերջին պահը ոչ միայն ԲՀԿ և ՀՅԴ, այլև «Ելք»-ի մյուս անդամները չէին մասնակցում հեղափոխական գործընթացներին և միացան շարժմանը միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Իհարկե, հետագայում, միանալով հեղափոխությանը, նրանք շատ կարևոր ծառայություն մատուցեցին Փաշինյանին, սակայն դա տեղի ունեցավ, երբ արդեն հստակ էր, որ երկրում իրավիճակ է փոխվել, և Փաշինյանը վայելում է բնակչության մեծամասնության աջակցությունը: Իսկ դրանից առաջ նրանք կա՛մ լռում էին, կա՛մ նույնիսկ քննադատում էին շարժման առաջնորդներին: Բավական է հիշել Էդմոն Մարուքյանի խիստ էմոցիոնալ ելույթն այն մասին, որ կա երրորդ ճանապարհ, որով նա հանդես եկավ Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը երկու օր առաջ: Այնպես որ՝ այժմ էլ, կարծում եմ, այդ կուսակցությունները, ի վերջո, կկանգնեն ուժեղի կողքին: Եթե Երևանի ընտրություններում ՔՊ-ն տանի համոզիչ հաղթանակ, մենք կտեսնենք, թե ինչպես մյուս քաղաքական ուժերը շատ հանգիստ կվերադառնան համագործակցության ձևաչափին, եթե, իհարկե, ՔՊ-ն պատրաստ լինի այն ընդունել: Իսկ ՔՊ-ն, կարծում եմ, ևս չի հրաժարվի այդ համագործակցությունից, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀԿ-ականներին վերջնական պարտության մատնելու և խորհրդարանը լուծարելու համար»,- հավելեց Միքայել Զոլյանը։
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ հաշվակված է՝եթե կարողանա ոչ այնքան ուժեղ քաղաքապետի թեկնածուին անցկացնել,նշանակում է ունի մեծամասնության անվերապահ աջակցությունը և կարելի է մոտ ապագայում խորհրդարանը ,,ցրել,,և արտահերթ ընտրություններ անցկացնել,իսկ եթե բավարարքանակի ձայներ չհավաքվի՝կաշխատի գոյություն ունեցող Ազգային Ժողովի հետ,մի բան,որ խնդիրներ նրանց հետ չունի:Կարծում եմ ԱԺ ներկայիս կազմն էլ համաձայն կլինի շարունակել իրենց առաքելությունը:
Իսկ,ինչ վերաբերվում է դաշնակիցներից հրաժարվելուն,ապա պետք է հիշել,որ նա հանդիպել է առաջին նախագահի հետ,որը 1992թ.ՀՀՇ-ն հռչակեց կուսակցություն և մի կողմ թողեց այդ կազմակերպության մեջ մտնող մի շարք կուսակցություններ և կազմակերպություններ….Պատմությունը կրկնվում է?…