Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ մեզնից է կախված

Սեպտեմբեր 21,2018 11:53

Հայաստանի Երրորդ հանրապետությունը Սահմանադրությամբ ժողովրդավարական պետություն է, և Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության պատմությունը պիտի որ ազատ ու արդար ընտրությունների պատմություն լիներ, մինչդեռ մեր Երրորդ հանրապետության պատմությունը ոչ թե ազատ ու արդար ընտրությունների պատմություն է, այլ ընդհակառակը՝ անազատ, անարդար ու կեղծված ընտրությունների պատմություն ու պատմությունների շարան:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում արդեն շատերը հույս ունեն, որ վերջապես մեզանում էլ հնարավոր կլինի ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: Բայց Հայաստանում հիմա քաղաքական ու հետհեղափոխական այնպիսի վիճակ է, որ շատերը համարում են, որ այսօր կարևորը ոչ թե մեզանում ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, այլ այն, որ այդ ընտրությունների արդյունքում ամրապնդվի հեղափոխության և նոր իշխանությունների հաղթանակը: Մինչդեռ ծայրահեղ ժողովրդավարները համարում են, որ ժողովրդավարությունը և ազատ ու արդար ընտրությունները շատ ավելի կարևոր են, քան հեղափոխության հաղթանակը և այն, թե ով Հայաստանում կտիրանա իշխանությանը, և եթե մենք դժգոհում ենք, որ նախորդ իշխանությունների օրոք Հայաստանում ոչ թե ազատ ու արդար ընտրություններ են եղել, այլ համատարած ընտրակեղծիքներ ու ընտրակաշառք, պիտի այնպես անենք, որ նոր Հայաստանում դրանք տեղ չունենան:

Նրանք, ովքեր մտածում են, որ հեղափոխականներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի ամեն գնով Հայաստանի իշխանությունն իրենց ձեռքում պահեն ու ոչ մի գնով այն չզիջեն հակահեղափոխականներին, իրենց էդ տեսակ մտայնությամբ, փաստորեն, ջուր են լցնում ընտրակեղծիքների ջրաղացին, այսինքն՝ նրանց մտքինն այն է, որ ամեն գնով պետք է իշխանությունը պահել. սա նշանակում է, որ հարկ եղած դեպքում հանուն իշխանության կարելի է նույնիսկ ընտրակեղծիքների դիմել: Նախկինում էլ են այսպես մտածել, և հենց այդ է պատճառը, որ Հայաստանում առ այսօր ազատ ու արդար ընտրություններ տեղի չեն ունենում: Այնինչ, եթե դու իսկապես արժանավոր իշխանություն ես, առանց ընտրակեղծիքների՝ ազատ ու արդար ընտրություններով էլ կհաղթես, և հենց թավշյա իշխանությունն էլ ցույց տվեց, որ եթե ժողովուրդն ուզում է քեզ ընտրել, ոչ մի ուժ չի կարող ժողովրդի այդ մտադրության դեմն առնել, և որևէ ուժ ի զորու չի լինի քո ձեռքից քո իշխանությունը խլել:

Եվ ընդհանրապես. եթե դու քո նախորդներից ժողովրդավարություն, ազատ ու արդար ընտրություններ ես պահանջել, պիտի նաև էդ ամենը ինքդ քեզանից պահանջես, և եթե դու այն աստիճան հեղափոխական ես, որ մեր հասարակությունը կտրականապես բաժանում ես սևերի ու սպիտակների, պիտի քեզ ոչ թե անվերապահորեն սպիտակ համարես, այլ հարկ եղած դեպքում նաև քո սևությունն ու սևանալը պիտի տեսնես ու նկատես, և եթե նկատես, այդ դեպքում միայն իրավունք կունենաս որոշել՝ ով է սպիտակ և ով՝ սև, եթե էդպիսիք իսկապես կան, և եթե էդ աստիճան ակնհայտ սևեր ու սպիտակներ իսկապես կան, էդ դեպքում ինքը՝ ընտրողը, պիտի որոշի, թե ով է իրական սևն ու իրական սպիտակը, և ընտրողի հենց էդ որոշումն էլ քաղաքական ու քաղաքակիրթ աշխարհը համարում է ազատ ու արդար ընտրություն, և եթե մենք վերջնականապես ենք որոշել ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին, պիտի ժողովրդի ու ընտրողի որոշումն ու կարծիքը վեր դասենք ցանկացած քաղաքագետի ու քաղաքական գործչի, ցանկացած կուսակցության և ցանկացած կուսակցականի կարծիքից, և միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք մեր երկրում անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Բոլորս ենք հասկանում, որ ժողովրդավարական երկրում ազատ ու արդար ընտրություններն ուղղակի անհրաժեշտություն են, բայց հասկանալը քիչ է՝ մանավանդ մեր դեպքում, երբ այդպիսի ընտրությունների փորձ ու պատմություն, կարելի է ասել, չունենք: Բայց եթե այդպիսի ընտրություններ անցկացնելու անկեղծ ցանկություն ունենք և եթե այդպիսի ընտրությունների անհրաժեշտություն ազգովի ենք զգում, կարող ենք այդպիսի ընտրությունների պատմության հիմքերն ու սկիզբը հենց այսօր դնել: Այնպես որ՝ ամեն ինչ մեզնից է կախված: Յուրաքանչյուրիցս: Հավասարապես:

Որովհետև ընտրակաշառք տվողն էլ ենք մենք, վերցնողն էլ: Ընտրակեղծիք անողն էլ ենք մենք, հանդուրժողն էլ: Իսկապես ամեն ինչ մեզնից է կախված:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930