Ընդամենը 4-5 ամսվա ընթացքում «ժողվարչապետի» ու նրա գլխավորած կառավարության գործունեության հետեւանքով կատարվեց այն, ինչի մասին զգուշացնում էին իրադրությունը սթափ գնահատող մարդիկ.՝ տնտեսական վիճակի վատթարացում: Թվային տեսքով դա մասամբ արտացոլվեց երեկ հրապարակված՝ 2018-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներում:
Ինչո՞ւ մասամբ, որովհետեւ պաշտոնական վիճակագրության որոշ ցուցանիշներ, այնուամենայնիվ, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու դաշտից են:
Այսպիսով տարվա ութ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,7 տոկոս: Այն, որ աճի այս ցուցանիշով ներկայիս միտինգային կառավարությունը պարտական է տնտեսական բարձր աճ ապահոված նախորդ կառավարությանը, վկայում են տարվա առաջին երեք՝ հունվար-մարտ ամիսների ցուցանիշները: Մասնավորապես այդ ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,6 տոկոս:
Այսինքն, փաստենք՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է գրեթե 3 տոկոսով: Ընդ որում՝ վատթարն այն է, որ աճի տեմպի առավել մեծ նվազում ունեցած ճյուղերն են արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը ընդհանրապես անկում է ապրել:
Արդյունաբերության աճը եղել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում աճը 8,2 տոկոս էր: Օգոստոսին այս ճյուղում անկում է գրանցվել՝ 2,6 տոկոսով: Այս ճյուղը, որն իր ծավալներով առաջանցիկ քայլերով մոտենում էր առաջին տեղը զբաղեցնող առեւտրի ծավալներին, վերջին չորս ամիսներին սկսել է նահանջել եւ այժմ կազմում է գրեթե այնքան, որքան երրորդ տեղում գտնվող ծառայությունների ոլորտի ծավալները:
Ամենայն հավանականությամբ, հետընթացն այստեղ, ցավոք, կշարունակվի: Պատճառը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արհամարհական վերաբերմունքն է այս ճյուղի նկատմամբ, այլեւ միջազգային շուկայում ձեւավորվող աննպաստ միտումները: Մետաղների եւ մասնավորապես պղնձի գների անկումը վերջին երկու ամսվա ընթացքում շարունակվում է, մեր ձեռնարկությունների վրա բացասաբար են ազդում նաեւ ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Մասնավորապես դրանք հարվածել են ալյումինի արտադրության հայաստանյան խոշոր ձեռնարկությանը՝ «Արմենալին» (նախկին «Կանազ»): Ռուսական «Ռուսալին» պատկանող հայկական ձեռնարկությունում հայտարարվել է ծավալների կրճատման եւ 180 աշխատակիցներին հարկադիր արձակուրդի ուղարկելու մասին:
Սահակ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում