Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի դիտարկմամբ, քարոզարշավին հատկացված ժամանակը բավականին կարճ էր, որը թույլ չտվեց ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին վերագնահատել իրենց ռեսուրսներն ու կարողությունները քաղաքական դաշտում: Սակայն, դա միակ թերությունը չէր, որն արձանագրել է քաղաքապետի թեկնածուն:
«Ընտրություններն, ի սկզբանե, սխալ ճանապարհով ընթացան: Ավելի շատ քաղաքականացվեցին, քան կարելի էր ենթադրել: Ու թեև խոսում են այն մասին, որ ընտրակաշառք չի լինելու, վարչական ռեսուրս չի օգտագործվելու, բայց վարչապետի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին գերազանցեց բոլոր սպասելիքները: Ու եթե Հայկ Մարությանը, որպես քաղաքապետի թեկնածու, խոսում էր երկու ժամ, ապա վարչապետը խոսում էր 12 ժամ: Եվ դա անվանել հավասար մեկնարկային պայմաններ և չանվանել վարչական լծակի օգտագործում, կարծում եմ՝ սխալ է»,– ասաց Մ. Մանուկյանը:
ՀՅԴ թեկնածուի կարծիքով, դա հենց ուղիղ վարչական լծակի օգտագործում էր, որն իրականացվեց քարոզարշավի ողջ ընթացքում: Բացի այդ, քարոզարշավի գերքաղաքականացված լինելու պատճառով քիչ խոսվեց նաև մայրաքաղաքի խնդիրների մասին: Դրա փոխարեն փորձ արվեց հասարակությանը բաժանել տարբեր գույների և կարգախոսների:
««Ով մեզ հետ չի, նա հակահեղափոխական է», այս և նմանատիպ այլ հայտարարությունները հասարակությանը բաժանեցին մասերի, և քաղաքական ուժերին հեռացրեցին ավագանու ընտրություններին հարիր քարոզարշավ իրականացնելու իրական հնարավորությունից»,– ասաց Մ. Մանուկյանը:
ՀՅԴ թեկնածուին մտահոգում է նաև այն, որ, իր տպավորությամբ, կարծես, մոռացության է մատնվել հարցը, թե ում համար են այդ ծրագրերը ցանկանում իրականացնել:
Զրույցի ավարտին նա համերաշխության և միասնության կոչ արեց բոլորին՝ նշելով, որ իրականում այլ՝ ավելի կարևոր մարտահրավերներ կան ծառացած երկրի առջև, ինչը միայն կարելի է լուծել միասնական լինելու դեպքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում