Փորձեցինք մասնագետներից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք կապի մաքսիմալ ապահով միջոց ունենալ, եւ ինչպե՞ս կարելի է խուսափել գաղտնալսումներից․ խոսքն ապօրինի՝ առանց դատարանի որոշման գաղտնալսումների մասին է։ Հիշեցնենք, որ գաղտնալսումը պետության մենաշնորհն է, եւ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ նման հնարավորությունից զուրկ լինեն մասնավոր խմբերը, մինչդեռ Հայաստանում, ըստ որոշ տեղեկությունների, գաղտնալսող թանկարժեք սարքեր ունեն նաեւ որոշ օլիգարխներ։
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ եթե պաշտոնյաները Հայաստանում հեռախոսով զրուցեին միմյանց հետո, ապա գաղտնալսումը կկանխվեր, համակարգի հնարավորությունները, Ցոլակյանի խոսքով, ցույց կտային գաղտնալսումը․ «Կա նաեւ ներքին հեռախոսակապ, որ, ենթադրենք, ԱԱԾ աշխատակիցները միասին հաղորդակցվում են այդ կապով, եւ դա հասանելի չէ որեւէ մեկին, իսկ ներկայումս՝ տեխնոլոգիաների այս դարում, գաղտնալսելը մի բարդ գործ չէ»։
Պարոն Ցոլակյանն օրինակ է բերում․ «Աշխարհում շատ ղեկավարների են գաղտնալսել։ Մերկելին տասը տարի շարունակ իր կառավարությունից գաղտնալսել են, Օբամային գաղտնալսել են, էդ ինչի՞ պիտի այստեղ չկարողանային լսել, ինչո՞ւ են այսպես խառնվել իրար։ Այո, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այլեւս այդպիսի բան չլինի, վերջ»։ Ցոլակյանը միաժամանակ ասաց, որ հեշտ չէ հայտնաբերել, թե որտեղից կամ ինչ ճանապարհով է իրականացվել գաղտնալսումը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ Հայաստանում գործում է «կառավարական հատուկ կապ», որը մալուխային կապ է եւ բջջային հեռախոսազրույցների պաշտպանվածություն չի ենթադրում։ Եթե բարձրաստիճանները ցանկանում են չգաղտնալսվել, ապա, փորձագետի խոսքով, պետք է հատուկ ռազմավարություն մշակել պետական մակարդակով եւ պարտադրել բոլոր չինովնիկներին հետեւել այդ կանոններին:
Ի դեպ, շարքային քաղաքացիների համար կապի առավել «ապահով» միջոցները, ըստ մասնագետի, «մեսենջերներն» են՝ Ֆեյսբուք, Տելեգրամ, Վայբեր, Վոթսաբ՝ ասում է Մարտիրոսյանը։ «Վայբերի զանգը չեն կարող լսել, բայց կարող են կոտրել հեռախոսը եւ մեջը տեղադրել, օրինակ, գաղտնալսող հավելված, իսկ այդ դեպքում հեռախոսի վրա ձայնը կգրվի։ Այս դեպքում պետք է ուշադրություն դարձվի հեռախոսին։ Օրինակ, եթե «Այֆոն» ես կրում, պետք է լինի միշտ թարմացված։ Անդրոիդի դեպքում էլ միշտ պետք է հետեւել թարմացումներին, կողքից անծանոթ ծրագրեր չքաշել, թույլ չտալ հեռախոսն ուրիշի ձեռքն ընկնի, որպեսզի չկարողանան որեւէ բան տեղադրել։ Պետք է հնարավորինս միացնել, այսպես կոչված՝ «երկփուլանի մուտք»։ Սա այն է, որ գաղտնաբառ մուտքագրելուց հետո եւս մի կոդ եք ներմուծում, նույնն ունի մեսենջերների մի մասը։ Վայբերն այս դեպքում փոքր-ինչ տկար է։ Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ եթե մարդուն հետապնդում են հատուկ ծառայությունները, իրենք կարող են «sms»-ը գողանալ եւ ձեր անունից գրանցել մեսենջերն ու ձեր նամակները ստանալ պրովայդերներից։ Իսկ երկփուլանիի դեպքում ազատվում եք այդ ռիսկերից»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում