Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:
Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր քաջալերանք են մեզ՝ հայրենիքով միասնական և համերաշխ ոգով իրագործելու մեր բոլոր իղձերը, արիությամբ դիմագրավելու ներկա մարտահրավերները և նվիրումով ու սիրով շենացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը:
Այս տեսլականով մաղթում ենք մեր ժողովրդին հայրենյաց սիրո նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ ու պատասխանատվություն և նոր հաղթանակներ:
Աղոթք ենք բարձրացնում երկինք, որ Տերը Ամենախնամ Իր Սուրբ Աջի ներքո խաղաղության մեջ պահպանի հայրենի մեր երկիրը, հավատքով զորացյալ ու շնորհով լեցուն պահի մեր ժողովրդին` մարմնավորելու ազգային զարթոնքի իր բոլոր իղձերն ու տեսիլքները:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և խաղաղությունը թող լինեն մեզ հետ և բոլորի. ամեն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ