Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ փիառի», հակաքարոզչության առումով ավարտվող ընտրապայքարը, այո, որոշակի նախափորձ էր՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 21,2018 09:00

Սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հաճախ կարելի է լսել (կարդալ) ամենատարբեր քաղաքականացված անձանց, վերլուծաբանների գնահատականներ, թե դա գլխավոր նախափորձն է՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Եթե, իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունենան:  Որոշակի առումով, իհարկե, մայրաքաղաքի ավագանու ընտրությունը կարելի է ԱԺ արտահերթին ընդառաջ ուժերի ստուգատես համարել: Բայց, մյուս կողմից, դա այնքան էլ այդպես չէ:

Տեսեք. ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու որոշակիորեն փոփոխված Ընտրական օրենսգրքի, ընտրական որոշ մեխանիզմ-նորամուծությունների ներդրման պայմաններում: Բայց այս իրավական ու տեխնիկական հարցերը դեռ մի կողմ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որ սպասվում են եկող տարվա մայիսին, ակնհայտորեն այլ քաղաքական իրադրության պայմաններում են տեղի ունենալու: Իրավիճակը նույնը չի լինելու, ինչ կա հիմա: Խանդավառ-էյֆորիկ տրամադրությունները մի քանի ամիս անց ավելի ու ավելի նվազ են արտահայտված լինելու, քան այսօր: Նույնիսկ հիմա է նկատելի, որ այդ տրամադրությունները որոշ չափով փոխվել են՝ մայիս-հունիսի համեմատ: Այսինքն՝ սթափ գնահատականներն ու վերաբերմունքը, հնարավոր է, եկող տարվա գարնանն ավելի նկատելի լինեն:

Հիմնականը. Երեւանի ավագանու ընտրություններին չցանկացավ մասնակցել նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն: Հասկանալի պատճառներով, մայրաքաղաքային իշխանության պայքարում չեն ներգրավվել ուժեր կամ գործիչներ, որոնք նոր-նոր են սկսում ակտիվանալ կամ ձեւավորվել: Մինչդեռ ենթադրվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում հնարավոր մասնակից-ուժերի ներկապնակը որոշակիորեն տարբերվելու է այժմ եղածից:

Նախ՝ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունների պայքարի մեջ կներգրավվի: Երկրորդ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին պարզորոշ հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Բայց դա էլ ամենը չէ: Ամենատարբեր ուժեր են սկսել ձեւավորվել: Որպես օրինակ կարելի է նշել հենց թեկուզ «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, որով հանդես եկան ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի ղեկավարները: Բայց միայն իրենք չեն, իհարկե, որ մտադիր են կուսակցություն ձեւավորել ու մասնակցել ԱԺ ընտրություններին: Էականը, ինչպես նշեցինք, մասնակիցների կազմը որոշակիորեն տարբերվելու է այժմ ասպարեզ ելածների կազմից:

Մի բան, սակայն, կարծում ենք, ոչ միայն նույնը կմնա, այլեւ ավելի սուր դրսեւորումներ կունենա խորհրդարանական արտահերթ ընտրությունների դեպքում: Նկատի ունենք հակաքարոզչությունը կամ «սեւ փիառը», հնարավոր է, որ վերբալ ագրեսիան ավելի սաստկանա:

Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների պայքարի մեջ մտնեն ՀՀԿ-ն, ապա նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը, նման զարգացումներն անխուսափելի են: Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շատ ավելի սուր ու բորբոքված դրսեւորումներ կունենան:

Որոշակի առումով, այս՝ Երեւանի ավագանու արդեն գրեթե ավարտված ընտրապայքարում էլ Նիկոլ Փաշինյանը մնացած բոլոր ուժերին բռնեց ու կապեց նախկին իշխանությունների հետ, հակահեղափոխական պիտակավորեց նրանց, որպեսզի կարողանա դրսեւորվել: Այսինքն՝ չկար հիմնական, կարելի է ասել՝ տարիներով իր թիրախում եղած եւ ծանոթ հակառակորդը, ուստի պետք էր նրան ինչ-որ կերպ բերել դաշտ, թեկուզ մյուսներին նրան կապելով: Իսկ ուրիշ ի՞նչ անել, եթե քո քաղաքական զինանոցի գրեթե միակ աշխատող գործիքը «մերժումն» է: Այստեղ կարեւոր նրբերանգ կա. գործիքը աշխատեց, երբ այն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ձեռքում էր, բայց կարող է չաշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում: Սակայն դա այլ հարց է:

Տվյալ պարագայում ու մասնավորաբար կարելի է ասել, որ «սեւ փիառի», հակաքարոզչության առումով ավարտվող ընտրապայքարը, այո, որոշակի նախափորձ էր՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, եթե, կրկնենք, ընդհանրապես նման ընտրություններ լինեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930