Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության իմ պատկերացումը

Սեպտեմբեր 21,2018 10:00
eraguyn

Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք:

Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողականությամբ: Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» (օրինակ՝ ոստիկանական գնդի վրա հարձակվողները) եւ «թշնամիների» (ասենք՝ բյուջեի գումարները թալանողները):

Թշնամիներ պետության ներսում պետք է ընդհանրապես չլինեն. չափանիշը մեկն է՝ խախտել է օրենքը-չի խախտել: Եթե չի խախտել, մնացածը՝ համոզմունքները, կուսակցական պատկանելությունը, դավանանքը եւ այլն, բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Եթե խախտել է, նրան պետք չէ պատերով տալ, քառատել կամ վառել, նրան պետք է դատել օրենքի տառին համապատասխան՝ տալով պաշտպանության լայն հնարավորություններ: Բայց եթե անգամ դատապարտվել է լրջագույն հանցագործության համար, նրա նկատմամբ չարժե ատելություն սերմանել՝ անհանդուրժելի է հանցագործությունը, ոչ թե անձը:

Իմ երազած պետությունում չկա նախանձ, խանդ, քծնանք, ստորացում: Եթե իմ հարեւանն ինձնից հաջողակ է, ես չպիտի ելնեմ այն կանխավարկածից, որ նա այդ հաջողություններին հասել է անազնիվ ճանապարհով, եւ կյանքից նեղացածի կերպարանք ընդունեմ: Մանավանդ, որ «հաջողակի» տակ կարելի է հազար ու մի բան հասկանալ, ու դեռ պարզ չէ, թե որքանով են ճշգրիտ հաջողության ընդունված «միջին վիճակագրական» չափանիշները: Սոցիալական համերաշխությունը, իմ կարծիքով, ենթադրում է ամեն մի քաղաքացու, այդ թվում` սեփական ունիկալ արժեքի հստակ գիտակցություն:

Հայաստան պետությունում պարտադիր պետք է լինի համախմբման ռեսուրս, խիստ կարգապահություն: Դա, մասնավորապես, նշանակում է, որ եթե լուրջ արտաքին վտանգ է սպառնում (օրինակ՝ «ապրիլյան պատերազմի» նման), բոլոր քաղաքացիները պետք է անեն այն, ինչ որոշում է Գերագույն հրամանատարը՝ անկախ նրանից, թե նրա ազգանունը Փաշինյան կլինի, Սարգսյան, թե Քոչարյան: Եթե նման դեպքերը նորից կրկնվեն, ես կրկին դեմ կլինեմ «ընդդիմադիր» ասեկոսեներին եւ շահարկումներին՝ չնայած պարզ է, որ նման իրավիճակներում ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ ուրիշ երկրում իրադարձությունները չեն կարող ընթանալ իդեալական հունով:

Պետության իմ, ինչպես ասում են, «տեսլականն» այսպիսին է: Բայց եթե նույնիսկ այդպես չլինի, միեւնույն է՝ պետություն ունենալը մեծագույն բերկրանք է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ազատական «արժեքներ»ի մեծ մասը, որոնք խորքին մէջ որեւէ արժեքի չգոյութիւնն են, ոչ թէ տեսականօրէն կամ ինչ-որ «ընկալումով», այլ բազմաթիւ տասնամեակներէ ի վեր իմ ու իմ ընտանիքիս ապրած առօրեայ, իսկական ու շօշափելի իրականութեան մէջ, քրիստոնեական արժեքները չեն, բնաւ, այլ կը հակադրուին անոնց, կ’ուզեն անէացնել զանոնք:

    Ազատական արժեքների մեծ մասը, երբ որ քաղաքական ուղիով մուտք կը գործեն Պետութեան մէջ, անհամաչափ ուժով կը կաշկանդեն անհատական իրաւունքներ, եւ ամէն դէպքում մեծամասնութեան տեւաբար կը պարտադրեն փոքրամասնութիւնների բռնատիրութիւնը:

    Հայաստանը մի քիչ յետամնաց լինելով – չասելու համար որ այդտեղ կայ որոշ չափով խաւարամտութիւն -, անոր բնակչութեան զարգացած եւ քիչ թէ շատ աշխարհ տեսած հատուածը, մտային թթուածինի ծարաւ, հակում ունի կառչելու այդ «ազատական արժեքների» երեւակայական ըմբռնողութեան մը, որպէս փրկութեան լաստ, առանց գիտակցելու թէ մի ծայրայեղութիւնից միւսը երթալով, նոյնպէս, արդէն իսկ մօտաւոր երկիրը հասնելու է դէպի նաւաբեկութիւն, ամբողջական կործանում:

    Այդպէս կոչուած «Ազատականութեան» գաղափարաբանութիւնը վարդապետութիւն է, մոլութիւն է , եւ ինչպէս որ Եկեղեցին պէտք է հեռու մնայ Պետութիւնից, նոյնպէս ել անկէ դուրս պէտք է մնայ այդ վարդապետութիւնը:
    Հասարակական, սեփական ոլորտներում թող կատարուի հարկաւոր աշխատանքը, ի հարկին, մասնայատուկ պարագաներու, պաշտպանելու համար խոցելի քաղաքացիների մարդկային տարրական իրաւունքները: Արդէն եղած Օրէնքները լիովին բաւարար են որպէսզի այդ առաքելութիւնը ստանձնած գործիչներն ու կազմակերպութիւնները կարենան կատարել իրենց աշխատանքը:

    Իսկ այս նիւթին մէջ եւս, արտաքին ուժերը իրենց գործերուն թող խառնուին: Իրենց երկիրները շատ աւելի ծանր, անդարմանելի խնդիրներ ունին, քան թէ Հայաստանը:

  2. henri says:

    Պարոն Աբրահամեան Միշտ յարգանքով և գոհունակութեամբ կը կարդամ Ձեր խորհրդածութիւնները-Վեհափառի մը վայել միտքերով; Իմաստասիրութեան առաջին տարին պարզ բառերով մեզի կը բացատրէին յոյն փիլիսոփաներէն Պղատոնի և Արիստոտէլի հիմնական տարբերութիւնը ; Մինչ Առաջինը աշխարհը կը ներկայացնէր ինչպէս որ պէտք էր ըլլալ,Արիստոտէլ ՛ ինչպէս որ է իրականութեան մէջ ;Դուք Ձեր նկարագիրով աւելի հակուած կը թուիք Պղատոնական տարբերակին; Երանի այդպէս ըլլար ;

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/21/982220/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. Լավատես says:

    Այն ժողովուրդը, որը չի ցանակնում կերակրել իր բանակին, կկերակրի թշնամու բանակին:
    Բանակի փոխարեն գրենք պետություն, կհասկանանք պետություն անհրաժեշտությունը, մենք բոլոր դեպքերում լինելու ենք պետության մեջ՝ կամ մեր, եթե կերակրենք մեր պետությունը, կամ էլ ուրիշի՝ եթե տնտեսենք մեր միջոցները պետության հաշվին: Ա Պետությունը գործիք է ազգի տեսակը պահպանելու համար, դրա համար բոլոր քաղաքացիները պետք է պետության քաղաքացի լինելու ասենք տասը տոկոս անդամավճար վճարեն, բացի հարկերից: Սա նշանակում է, որ օրենք է պետք, որ ցանկացած հայ կարող է ստանալ մասնակի՝ եթե այլ երկրում է հարկ վճարում, կամ էլ լիարժեք՝ եթե հայ պետությանն է հարկ վճարում քաղաքացիություն: Բ Եթե պետությունը քաղաքացիների կենտրոնացված համակարգն է, ապա այսօր կան հակապետական վերպետական կառույցներ, որոնք շատ արդյունավետ հոշոտում են ազգային պետությունները ու չաղանում, այդ վերպետական կառույցների դեմ կարելի է դուրս գալ միայն համարժեք ուժով վերպետական կառույցով՝ դա ազգային պետությունների կենտրոնացված համակարգն է, որոնք նույն կառուցվածքն ու կենսակերպն ունեն, ինչ քաղաքացի պետություն հարաբերությունն է: Այսօրվա միջպետական կառույցները նույնքան վնասակար ու անօգուտ են, ինչ կաշառակերությամբ վարակված պետությունները, նրանք միայն տեղ են զբաղեցնում, որ իսկական միջպետական համակարգեր չձեւավորվեն: Դրա համար մեզ նման վերականգնվող պետություններով կենտրոնացված վերպետական կառույց ենք ստեղծում՝ վերպետություն ու իրար թիկունք կանգնում, վճարում ենք անդամավճար ու ընդլայնում մեր վերպետությունը՝ դուրս մղելով պետությունները վարակող մակաբույծ վերպետական կառույցները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930