Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի տիկինը բացօթյա ներկայացում դիտեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում

Սեպտեմբեր 20,2018 22:50

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամի գրասենյակ, որի բացօթյա տարածքում Խամաճիկների թատրոնը հարեւանությամբ ապրող երեխաների համար ներկայացրեց «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը:

Ինչպես լրագրողներին հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, սա իրենց հերթական միջոցառումն է: «Երբ նույնիսկ մեր շենքը դեռ կառուցվում էր, Խամաճիկների թատրոնում, Տիկնիկայինում զանազան միջոցառումներ ենք կազմակերպել երեխաների համար: Այս անգամ որոշեցինք հերթական ձեռնարկն իրականացնել հենց երեխաների համար նախատեսված տարածքում: Հաջորդիվ կլինեն մեր այլ միջոցառումներ նույնպես ` եւ երեխաների, եւ երիտասարդների, եւ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ կապված:

Կոնկրետ այս ներկայացման հանդիսատեսները հարեւան շենքերում ապրող երեխաներն են, որոնց մեծ մասը այս բակում է երեկոյան խաղում, եւ ես դեմքով բոլորին ճանաչում եմ»:

Արշակ Կարապետյանը հավելեց, որ ներկայացման մասին տեղեկացրել են ծանուցման թերթիկների եւ ամենօրյա շփման միջոցով:

«Միջոցառումը տեղի է ունենում «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում: Սա մի հիմնադրամն է, որի նպատակն է բարեկեցիկ դարձնել երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքը: Մենք այսպիսի միջոցառումներ շատ կիրականացնենք այստեղ»,- ասաց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Նաեւ նշեց. «Սա բաց դռների օր է, բոլոր երեխաները կարող են իրեն ծնողների կամ տատիկ-պապիկների հետ գալ ներկայացման»:

Անդրադարձ եղավ Խամաճիկների թատրոնում բեմադրված նրա «Քաչալ ոզնին» հեքիաթին: Տիկին Սարգսյանը նշեց. «Ինձ ասում են, որ դա շատ սիրված է պուճուրիկների կողմից: Հիմա ծրագրում ենք իմ հաջորդ՝ «Թզուկ, մզուկ» հեքիաթը բեմադրել այս նույն թատրոնում»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ նախորդ անգամ Պարարվեստի քոլեջ այցելության ժամանակ ինքն ասել էր, թե ակտիվորեն զբաղվելու է կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցողների եւ ծերերի խնդիրներով, որեւէ ծրագիր իրականացվե՞լ է, ՀՀ նախագահի տիկինն ասաց, որ չի ուզում առաջ ընկնել ու դեռեւս չեղած բաներից խոսել, բայց միաժամանակ հավելեց. «Այո, շատ ծրագրեր կան, որոնք շուտով կկատարվեն, եւ դուք կլինեք վկաներից մեկը»:

Խամաճիկների թատրոնի տնօրեն Աննա Էլբակյանը հայտնեց, որ երկու տարի առաջ բեմադրել է Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթը, այնուհետեւ սկսել են համագործակցել, որովհետեւ ՀՀ նախագահի տիկինը սկսել է սիրել իրենց թատրոնը. «Որոշեցինք ժամանակ առ ժամանակ անել բարեգործական բացօթյա անվճար ներկայացումներ իրականացնել: Սա առաջինն է: «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը արդեն երեք անգամ վերականգնվել է»:

Ինչպես «Քաչալ ոզնին», այնպես էլ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումները, Աննա Էլբակյանի ձեւակերպմամբ, երեխաների կողմից ամենալավ ընդունվածներից են: «Երբ քաչալը դառնում է փշոտ, չեմ ասի, թե ինչպես են դրան արձագանքում հանդիսատես փոքրիկները, ուզում եմ՝ որ ով չի տեսել, գա տեսնի»,-ժպտալով ասաց Աննա Էլբակյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930