Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավների ժամանակ ընդգծում է, որ սա ոչ թե լոկ Երեւանի ավագանու անդամի ընտրություններ են, այլ ընտրություն է հեղափոխության եւ այսպես ասած հակահեղափոխության ու էլի նույն «սեւ-սպիտակի» բաժանումն է լինում: Aravot.am-ի հետ զրուցում մեր հարցին, թե այդ շեշտադրումն ինչքանո՞վ է ճիշտ այս ընտրությունների պարագայում՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Բադալյանը պատասխանեց.
«Ուրիշ դեպքում ես գուցե համաձայնվեի, որ սուր է շեշտադրումը, բայց ախր սա իրականությունն է եւ դա փաստ է, ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ խուսափում իրերն իրենց անունով կոչելուց: Մենք հրաշալի տեսնում ենք, ոչ միայն մենք, այլ ցանկացած մեկը, ով կցանկանա տեսնել, տեսնում է, որ քաղաքական դաշտում վերադասավորվում են քաղաքական ուժերը՝ ով ինչպես կարող է: Սա ռեւանշի հրաշալի հնարավորություն է եւ հետեւաբար, մնացած բոլոր քաղաքական ուժերն արդեն բոլոր միջոցներին անցել են՝ ե՛ւ կտրուկ հայտարարությունների, ե՛ւ զրպարտությունների, որովհետեւ սա իսկապես պայքար է: Ինչպես հեղափոխության ժամանակ էին ասում, սա նյարդերի պայքար է եւ այս պայքարում արդեն որեւիցե մեկը ոչինչ չի խնայում: Սա հակահեղափոխության եւ նախկին իշխանությունների վերջին շանսն է: Վերջին շանսն օգտագործելու համար պետք է ամեն ինչ անել, հետեւաբար այս ընտրությունները լինելու են այն վերջին կետը, վերադարձ այլեւս չի լինելու, ու ժողովուրդը պետք է կարողանա իր կամքը ցույց տալ եւ հեղափոխության հաղթանակը գրանցի, արձանագրի իր քվեով»:
Լուսինե Բադալյանը հստակեցրեց, որ խոսքը ընտրարշավին մասնակցող 11 ուժերի մասին չէ. «Մենք խոսում ենք կոնկրետ նախկին իշխանությունների՝ քաղաքականություն վերադառնալու եւ իշխող դիրքերում լինելու այդ ձգտման մասին եւ դրա միակ հնարավորությունը այս ընտրություններին հաղթելն է: Նիկոլ Փաշինյանը դա հրաշալի հասկանում է եւ միաժամանակ չի վախենում, որ ժողովուրդը, հեղափոխության համար քվեարկելով՝ հնարավոր է հետո հիասթափվի Հայկ Մարությանից: Նա գիտի, որովհետեւ շատ լավ ճանաչում է Հայկ Մարությանին: Հետո փորձը ցույց է տվել, մենք մինչեւ հիմա հասկացել ենք, որ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը մի քանի քայլ առաջ է մեզանից տեսնում, այն, ինչ մենք չենք տեսնում, նա տեսնում է ու եթե շատերս էլ գուցե մի քիչ թերահավատորեն էինք մոտենում այս ընտրությանը Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետի թեկնածու, այս քարոզարշավի ընթացքում մեկը ես հասկացա, որ ուղղակի չեմ պատկերացնում քաղաքապետի այլ թեկնածուի, նույն «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած հրաշալի դեմքեր կային, բայց այն, ինչ կարող է անել Հայկ Մարությանը՝ որպես քաղաքապետ, ուղղակի չեմ պատկերացնում: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի առաջ էր տեսնում»:
Լուսինե Բադալյանը հիշեցրեց, որ վարչապետն ընդգծել է՝ որ պահին Մարությանն իրեն չարդարացնի, թեեւ դա ըստ նրա քիչ հավանական է, ամեն դեպքում Մարությանը այդ պաշտոնը կթողնի:
Թեկնածուն ասաց, որ սա հնարավորություն է մեկընդմիշտ ազատվելու այն ուժերից, որոնք հարստահարել ու կեղեքել են. «Տեղ է բացվում նոր քաղաքական ուժերի համար, երիտասարդների՝ նոր գաղափարներով լեցուն»: Իսկ եթե այդ հին հարստահարող ուժերը վերարտադրվեն, ըստ նրա, դա խոտան է՝ երազանքների իրականացման համար:
Մենք հետաքրքրվեցինք՝ որպես երեւանցի, ո՞րն է համարում Տարոն Մարգարյանի ամենամեծ սխալը՝ քաղաքապետի պաշտոնում իր գործունեության ընթացքում: Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Կոռուպցիոն համակարգի խորացումը, իսկ դա հերքել ուղղակի հնարավոր չէ, նաեւ ռեսուրսների ոչ հավասարաչափ բաշխումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ