Արցախի ոստիկանության հաղորդագրությունը՝ սույն թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ, 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում Սողոմոն Մելքումյանին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում չորս այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել 1991թ ծնված¸ մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցի 88 տան բնակիչ՝ Հարութ Մխիթարի Ավշարյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում դեպքի մասնակիցներից վերցվել են բացատրություններ, ստացվել է տեսաձայնագրություն¸ նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել է դեպքի վայրի զննություն։
Հետգրություն
Սողոմոն Յուրիի Մելքումյանի կողմից դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել և միայն սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ստացված հաղորդումից հետո, ԱՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեպքի հանգամանքների պարզմանը։ Նախնական ստուգումներից հետո, սույն թվականի սեպտեմբերի 18-ին դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանության կողմից տեղեկատվություն է զետեղվել ինչպես ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի հանրապետության ոստիկանություն