Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Օրենքի տառին համապատասխան թող ներխուժեն Քոչարյանի տուն եւ ստուգումներ անեն»

Սեպտեմբեր 20,2018 21:21

«Մարտի մեկի դեպքերի փաստով ինձ մեղադրանք էր առաջադրվել պետական հեղաշրջման փորձի եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ութ անգամ հարցաքննվել եմ՝ բավականին երկար: Իմ տանը եղել են խուզարկություններ: Ուրախ եմ, որ այն գործընկերներս, որոնք գնացին իրավական ճանապարհով, այսօր հաջողության հասան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռներին, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

Նա գտնում է, որ ՀՀ-ն պարտավոր էր փոխհատուցել նշյալ գործով տուժածներին. «Ցանկացած իշխանության համար պետք է դաս լինի, որ քաղաքական խնդիրների լուծումը նման ճանապարհով չի կարելի լուծել»:

Դառնալով Մարտի մեկի գործում որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արամ Սարգսյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը չի ուզում պատասխանել հարցին, թե ով է կեղծել ընտրությունները: Եթե դրանք կեղծված չլինեին, մարդիկ Ազատության հրապարակ չէին գա, որքան էլ քաղաքական առաջնորդը դա կոչ աներ: Նա խուսափում է քվեի կեղծման մասին խոսել եւ ասել, որ իրավապահների քայլերը եղել են անհամաչափ»:

Հիշելով Մարտի մեկի արյունոտ դեպքերը՝ Արամ Սարգսյանը պատմեց. «Գիշերը, երբ ցուցարարների մեծ մասը քնած էր Ազատության հրապարակում, ոստիկանները հարձակվեցին: Չասացին՝ «սա ոստիկանությունն է», «դուրս եկեք վրաններից», «սա ստուգում է»…չի եղել նման բան, նրանք չունեն նման կադրեր: Եթե ունենային, Ռոբերտ Քոչարյանը հարյուր անգամ հիմա ցուցադրել էր դրանք: Հրոսակախմբերի գործողություն եղավ հրապարակում՝ ծայրահեղ դաժանությամբ: Մեզ այնտեղից քշելուց հետո էլ մայթերին քայլողների հանդեպ էին նույնը անում: Սա է եղել Քոչարյանի կառավարման համակարգի դեմքը: Միանշանակ, նա պետք է պատասխան տա այս ամենի համար, բայց նրա, ինչպես եւ բոլորի պարագայում, անմեղության կանխավարկածը պետք է հաշվի առնել»:

Արամ Սարգսյանը նկատեց. «Ինչպես դասականն է ասում՝ օրենքի տառին համապատասխան, շնորհքով կարող են ներխուժել Քոչարյանի տուն եւ ստուգումներ անել, նա էլ թող պաշտպանվի: Կարծում եմ՝ դատարանը կապացուցի նրա մեղքերը Մարտի մեկի, նաեւ՝ տնտեսական որոշ գործերով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930