Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ավանդական մանրանկարները` նոր ոճով ու ձևով՝ երեխաների մատուցմամբ

Սեպտեմբեր 20,2018 20:53

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գայանե և Անուշ Միքայելյանների արվեստանոցի սաները հանդես եկան ցուցահանդեսով: «Ավանդույթի վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 19-ին Մանկական ստեղծագործության թանգարանում և բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:

Ներկայացվեց շիրմաների նոր շարք, որն «Օժիտ» նախագծի հերթական ցուցադրությունն է:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցչուհի Գայանե Միքայելյանը ողջունելով ներկաներին ասաց, նշեց, որ ցանկանում են վերադառնալ մեր ավանդական ժառանգությանը, ինչպես հնում հարսանիք անող երիտասարդներին էին իրենց ձեռքերով օժիտ հավաքում, այնպես էլ իրենք են ծրագրին տվել հենց նույն անվանումը:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն էլ վստահեցրեց՝ մանկական արվեստում մեր երեխաներն աշխարհում մրցակից չունեն.  «Ամենաառաջադեմ երկրների նման հաստատություններում էլ չեն հասնելու մեր երեխաներին անգամ հարյուր տարի էլ անցնի, թեև ավելի լավ պայմաններ ունեն: Եթե Թորոս Ռոսլինի և այս երեխաների արյունը ստուգեին, կլիներ նույն արյունը: Հանճարեղ ազգի արյունը մնայուն է, մնում է մենք մինչև վերջ դա հասկանանք»:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցչուհի Անուշ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ներկայացված են շուրջ 40 սաների աշխատանքներ. «Բացված ցուցահանդեսը մեծ նախագծի մեկ մասն է կազմում, քանի որ մինչ այդ էլի ունեցել ենք ցուցահանդեսներ, որոնք եղել են «Օժիտ» նախագծի մի մասնիկը: Ստեղծագործությունների հիմքում հայկական ավանդական մանրանկարներն են, բայց օգտագործված նորամուտ ոճով ու ձևով՝ փոխանցված կտորի՝ առանձնապես մետաքսի վրա, որը կոչվում է բատիկ կամ մետաքսանկարչություն: Առաջին նախագծում երեխաները նկարել էին իրենց հագուստները, հաջորդ անգամ կիրառական իրեր, իսկ այս ցուցադրությունը որոշեցինք շիրմաներ անել, բայց անպայման օգտագործելով հայկական ոճը: Ու արդիականացնելով, ավելի ժամանակակից մատուցմամբ և երեխաների երևակայությամբ ներկայացնում ենք հանրությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930