«Երեւան համայնքի կառավարման արդյունավետության, քաղաքացու եւ հանրության շահերի լիարժեք իրականացման, ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 կետերին համապատասխանության առաջնային խոչընդոտն է կոռուպցիան, իր բոլոր դրսեւորումներով՝ մանր դրամաշորթումներից մինչեւ մեծածավալ գանձագողություն»,-այս համոզմանն են «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու անդամների թեկնածուները, որոնք այսօր Գարեգին Նժդեհ հրապարակի՝ մետրոյի կայարանի հարեւանությամբ ընտրողների հետ հանդիպում էին նախաձեռնել:
Քայլերթից ու նախընտրական բուկլետները բաժանելուց հետո դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը եւ ավագանու թեկնածուները մայրաքաղաքի բնակիչներին ներկայացրին իրենց ծրագրերը:
Ըստ դաշինքի ծրագրի, ներառական, արդի եւ զարգացած քաղաքի ձեւավորումը, հիմնված է քաղաքի կառավարման ոլորտը բարելավելու եւ կոռուպցիայից հիմնովին ազատելու հետեւողական ծրագրի գործարկման վրա. «Քաղաքապետարանի եւ ավագանու գործունեության արդյունքներն առաջին հերթին մենք գնահատելու ենք տվյալ նպատակին հասնելու տեսակետից, եւ հետո նոր՝ այս կամ այն ոլորտում գրանցված վիճակագրական արդյունքներով»։
Թեկնածուները վստահեցրին, որ կոռուպցիան վերացնելու համար, նախ՝բոլոր ծառայությունների, ծրագրերի, պաշտոնական գործողությունների նպատակի, ծավալի, գործարկման եւ այլ մանրամասների թափանցիկություն են ապահովելու ԶԼՄ-ների հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:
Մանկապարտեզների հերթագրումը բաց ու հրապարակային են կազմակերպելու, համայնքային կառավարման ողջ համակարգում թափուր տեղերի լրացումը բաց ու հրապարակային մրցույթներով են իրականացնելու եւ այլն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ