«Արտակի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում հայաստանյան հեղափոխությունը բացառիկ՝ նոր դրսեւորում կունենա: Արտակի պարագայում է, որ կհամարվի, որ ընտրություններն անցել են առանց վարչական ռեսուրսի օգտագործման, առանց պետության միջամտության: Կընտրվի Զեյնալյանը, թե այլ թեկնածու, միեւնույնն է՝ դրանից ներկա խորհրդարանը «ցրելու» խնդիրը չի նեղանալու, բոլոր թեկնածուներն էլ կողմն են դրան»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ նոր Հայաստանում պետք է կոտրել կարծրատիպը, թե ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները պետք է լինեն նույն թիմից. «Նոր Հայաստանում կառավարման նոր մոտեցումներ են պետք»: Ապա` Սարգսյանը խնդրանք ուղղեց ընտրողներին. «Պարտադիր մասնակցեք ընտրություններին: Ես գիտեմ, թե որ խավն է քվեն տալու Արտակ Զեյնալյանին, բայց այդ խավը գնահատում է նաեւ անկախության տոնը ու քաղաքից դուրս է մեկնելու: Բայց խնդրում եմ՝ կիրակի եկեք ու տվեք ձեր քվեն»:
Արամ Սարգսյանը փաստեց՝ ինչպես երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, այս ընտրություններում չկա նախապես որոշված եւ հաղթած թեկնածու, նրան ընտրելու են քաղաքացիները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ