Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործություն էր նման բան անելը». Մարությանը պատմեց տրամվայների նկատմամբ իր թախիծի ու մանկական չարաճճիությունների մասին

Սեպտեմբեր 20,2018 20:35

«Ինձ համար Արաբկիրը շատ կարեւոր վարչական շրջան է»,- այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ նշելով, որ ինքը ծնվել եւ մեծացել է հենց այս համայնքում՝ Վրացական փողոցում եւ կինո «Հրազդանի» բակում:

Մարությանը սկսեց պատմել իր մանկական հիշողություններից, թե ինչպես է քարոզարշավի ժամանակ իրենց դպրոցի՝ թիվ 83-ի աղջիկներին հանդիպել. «Իմ կյանքը աչքերիս դեմով անցավ: Թվում է, թե երիտասարդ ենք, բայց զգում ես, որ արդեն այնքան էլ երիտասարդ չենք: Ես հիշում եմ սովետական Երեւանը, սովետական Արաբկիրը: Շատ լավ հիշում եմ, մեր բակից ծնողներին չէինք ասում, բակի տղաներով բարձրանում էինք, գնում էինք մետրո, մետրոյով գնում էինք դեպի Երիտասարդական մետրո, Պապլավոկ էինք գնում, լողանում էինք լճում, դե բնականաբար փոխնորդ չունեինք, պառկում էինք արեւի տակ այնքան, մինչեւ չորանանք, որ կարողանանք հետ գալ: Վերջում տուն էինք գնում այն դեմքով, մթոմ ամբողջ օրը եղել էինք բակում»:

Մարությանը կատակեց, որ այնպիսի չարություններ է արել, որ քարոզարշավի ժամանակ չի պատմի. «Կսկսեն օգտագործել մեր դեմ»:

Մարությանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը, հենց հերթը հասավ տրանսպորտի խնդիրներին, հավաքին մասնակցող արաբկիրցիներից մեկը գոռաց, թե տրամվայ չի՞ լինելու: Մարությանը պատասխանեց. «Տրամվայ ես էլ եմ ուզում, բայց դա իրոք շատ-շատ դժվար է: Հետագայում կմտածենք նաեւ դրա մասին: Ես լավ հիշում եմ Կոմիտասից սենց իջնում էր Կիեւյանով, հիշում եմ նաեւ այն տարիները, երբ վերացվեց այդ ամենը, շատ թախիծով եմ հիշում, որովհետեւ հանցագործություն էր նման բան անելը»:

Քաղաքապետի թեկնածուն, ցուցադրելով երեւանյան գերբեռնված երթուղային միկրոավտոբուսներից մեկը, ասաց. «Ես ամաչում եմ, որ մեր քաղաքացիները՝ տարեց մարդիկ աշխատանքի գնալիս կամ տուն գալիս կռացած են, ամառը շոգելով, ձմեռը մրսելով: Մենք անհապաղ պետք է զբաղվենք այս հարցի կարգավորմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930