Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Բոլորը եւ նախ եւ առաջ քաղաքական իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետ ու կոռեկտություն»

Սեպտեմբեր 20,2018 20:15

ՀՀ ԱԺ-ում սկսվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն նախատեսված է մոտ 600 հյուրի ներկայություն: Նախկին նախագահները հրավիրված չեն:

Միջոցառումն սկսվելուց առաջ լրագրողները ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին ասել, թե ո՞րն է Անկախության գլխավոր նվաճումը:

«Անկախ Հայաստանը, անկախության սերունդը, անկախ բանակը, անկախ Արցախը: Այն, որ լուրջ արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին մենք կարողացել ենք պահպանել Հայաստանի կայունությունը: Բայց հիմա պակաս մարտահրավերներ չկան մեր առջեւ: Մենք պարտավոր ենք՝ ընդդիմություն, թե իշխանություն, իրական համերաշխություն, սեր եւ հանդուրժողականություն ցուցաբերել եւ հասկանալ, որ 27-ամյա պետությունը պետք է պայքարի ոչ թե այս կամ այն անձի, այս կամ այն անձերի դեմ, այլ լինի երեւույթների պայքար, պայքար ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Երբ դու քո էներգիան ծախսում ես ընդդեմի, դու պարտված ես, երբ դու քո էներգիան ու գիտելիքները ծախսում ես հանուն Հաստանի հզորացման, անում կոնկրետ գործեր, դու հաղթում ես: Ես հուսով եմ՝ մենք կհաղթենք: Մենք ասելով, նկատի չունեմ հանրապետականին, նկատի ունեմ հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացիները»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի երեկվա մեկնաբանությունը, թե հանրապետականը, եթե իրեն թափ տա, կտորների կբաժանվի, Է. Շարմազանովը հակադարձեց. «Երեկ ես խոսել եմ, բայց մեկ անգամ էլ ասեմ. բոլորը քաղաքական դաշտում եւ նախ եւ առաջ քաղաքական իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետ ու կոռեկտություն: Ամեն ինչ անցողիկ է պարոն վարչապետ, ամեն ինչ: Սա էլ կանցնի, ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը: Մենք պարտավոր ենք ապրել ու գործել համերաշխության եւ հարգանքի մթնոլորտում: Առնվազն գործընկերային համագործակցությունը եւ կոռեկտությունը պահանջում են, որպեսզի նա, ինչպես ինքն է ասում, խոսելուց առաջ պետք է մտածել»:

Էդուարդ Շարմազանովն անձամբ ԱԺ արտահերթ ընտրության անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքով այդպիսի հարց ՀՀԿ-ում չի քննարկվել: «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած քաղաքական հարց, բայց անձամբ ես խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեմ տեսնում առավել եւս, չեմ տեսնում սահմանադրական փոփոխության հարց», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930