Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատկերացնո՞ւմ եք, չլիցենզավորված ընկերությունը տենդերը հաղթել էր, հլը վերջում էլ մեր երեխաներին թունավորել էր». Մարության

Սեպտեմբեր 20,2018 20:50

Այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոսեց Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի օրոք ինչ-ինչ կոռուպցիոն երեւույթների, գործարքների մասին՝ անդրադառնալով մանկապարտեզների խնդրին:

Նա նախընտրական ծրագիրը ներկայացնելիս նախ համատիրությունների հարցին անդրադարձավ՝ ասելով. «Ամեն տեղ համատիրությունների պրոբլեմը կա, չկա մի թաղամաս, որ այս խնդիրը չլինի: Այս համատիրությունները զբաղվում են ամեն ինչով, 2-3 տոկոս բացառությամբ, բացի իրենց բուն գործունեությունից՝ գումարը հավաքում են, չգիտեմ ինչքան են հավաքում, հետո պարզ չի ոնց են ծախսում այդ գումարները, ամենակարեւորը՝ հենց գալիս են ընտրությունները, ինչ-որ ցուցակներ են կազմում,, գումարներ են բաժանում: Մենք ընդհանրապես պետք է վերանայենք համատիրությունների ինստիտուտը, զրոյից կառուցենք»: Նա ասաց, որ համատիրություններում ուռճացված աշխատակազմ չի լինելու, մասնագիտացված ընկերությունների հետ են համագործակցելու ու այդ ընկերությունների մեջ մրցակցային դաշտը կբերի նրան, որ գները կլինեն ցածր, որակը՝ բարձր:

Մարությանը նշեց, որ Երեւանում կա 4400 վերելակ, որոնցից 4200-ը վթարային վիճակում են: Նա ասաց, որ քայլ առ քայլ պետք է սկսեն վերելակների վերանորոգումը:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ այստեղ 3 խնդիր ունեն՝ շենքային եւ բակային պայմանները, մանկապարտեզների քիչ լինելը եւ սնունդը. «Վերջերս մի դեպք եղավ, մի ընկերություն փչացած սնունդ էր մատակարարել ու թունավորման դեպքեր եղան, հետո պարզվեց, որ այդ ընկերությունը ընդհանրապես իրավունք չուներ զբաղվելու այդ գործունեությամբ, լիցենզավորված չէր: Դուք պատկերացնո՞ւմ եք, չլիցենզավորված ընկերությունը գնացել եւ մասնակցել է քաղաքապետարանի մրցույթում, տենդերը հաղթել էր, աշխատում էր, հլը վերջում էլ մեր երեխաներին թունավորել էր: Ի սկզբանե բացառվում է այսպիսի բան, չեն կարող չլիցենզավորված ընկերությունները սկի մոտիկ գան այդ տենդերներին: Այն ընկերությունները, որոնք հաղթելու են մրցույթները, լինելու են մեր կողմից մեծ հսկողության տակ՝ ամեն օրվա, ամեն ժամվա հսկողության տակ, քանի որ խոսքը գնում է մեր երեխաների առողջության մասին»:

Մարությանը նաեւ նշեց, որ մանկապարտեզների տարածքները անհասկանալի պայմանագրերով տրվել են ուրիշներով, վարձով են տրվել անհասկանալի ընկերությունների, որոնք այլ գործունեությամբ են զբաղվում: Որոշ մանկապարտեզներ վաճառվել են ինչ-որ ընկերությունների, այն դեպքում, երբ մանկապարտեզները չեն բավարարում:

Նա ասաց, որ մեր երեխաները պետք է հաճախեն նորմալ պայմաններով մանկապարտեզներ եւ ունենան երջանիկ մանկություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930