«Մենք պիտի շարունակենք պայքարը, «Ժառանգութունն» անկասկած հաղթելու է»,-այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտություններին հայկական կենտրոնում ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կուսակցության «Կանանց խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ:
Երեւանի ավագանու անդամի թեկնածու, կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց՝ «Հետաքրքրիր փուլում ենք: Այն, ինչի համար պայքարում ենք տարիներ շարունակ, այդ թվում նաեւ «Ժառանգության» ռեսուրսների հաշվին, եւ նաեւ մեր մաշվելու հաշվին, որովհետեւ այդ պայքարը մեր վրա այդքան էժան չնստեց, մենք շատ թիրախավորվեցինք, շատ հարվածներ կերանք, բայց դիմացանք, եւ այսօր ես հպարտորեն ասում եմ՝ այս ընտրապայքարում չկա մի կուսակցություն, որ «Ժառանգության» ազնիվ, շիտակ, ճշմարիտ հետագիծն ունենա: «Ժառանգությունն» իր ստեղծման առաջին իսկ օրից պայքարի առաջին գծում է եղել, բայց ոչ երբեք սեփական կուսակցության, անհատական «եսը» առաջ քաշելու համար: «Ժառանգությանը» բազմաթիվ առաջարկներ եղան, ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլոց, կարողացանք դիմակայել գայթակղություններին: Իսկ գայթակղությունները շատ մեծ են եղել են»
Մարտիրոսյանը դիմելով կանանց ասաց՝ «Չլինեիք դուք, տղամարդկանց պայքարը որոշակիորեն անիմաստ է դառնում, որովհետեւ տղամարդիկ նաեւ կանանց համար են պայքարում: Տղամարդկանց պայքարի ամենակարեւոր խթանը դուք եք, ոչ միայն խթան եք, այլեւ նեցուկ եք եղել»:
Արմեն Մարտիրոսյանը հիշելով 2013-ի նախագահական ընտրություններից հետո պայքարը, նկատեց՝ «Հայաստանի հանրապետությունում չի եղել մեկը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պես գա առաջին գիծ ու տանի իր առաջնեկին ու կնոջը»: Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ իրենց կուսակցական քույրերն ու մայրերն էլ պայքարել են, զրկանքներ են կրել:
«Հեղափոխության այդ պայքարը, համաժողովրդական շարժումը, հեղափոխություն կոչվածը, որն իշխանափոխությունով է դեռեւս, ցավոք սրտի, ավարտվել, հաղթանակը մենք իրավունք չունենք 2-րդ անգամ մսխենք, ինչպես 90-ականներին: «ժառանգությունը» թող վառվի, մոխրանա, բայց այդ ջերմությունը ամբողջ Հայաստանով տարածվի: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, քանի դեռ կա դաշտ ինչ-որ բան լավացնելու, փոփոխելու, եւ քանի որ կյանքը փոփոխական է, ուստի երկար աշխատանք կա անելու»,-ասաց Մարտիրոսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահեցրեց՝ «Ժառանգությունը» ոչ սովորական կուսակցություն է, այն ազատ քաղաքացիների դարբնոց է: Մեր բանավեճը թափանցիկ է, քաղաքական մշակույթի առումով առանց որեւէ հղում պահանջելու նորարարություն ենք ներկայացնում: Մենք պետք չունենք այս կամ այն հաղթանակը մեզ վերագրելու. միայն թե երկիրն առաջ գնա»: Հովհաննիսյանը հորդորեց երեւանցիներին՝ ամսի 23-ին գնալ եւ, իր խոսքով ասած՝ խղճի մտոք ընտրություն կատարել:
«Ժառանգության» ավագանու թեկնածու Սեդա Աղբալյանն էլ նկատեց՝ «Ժառանգությունը» լիբերալ կուսակցություն է. «Շատ կանայք, որոնք թակում էին մեր դուռն ու նախորդ իշխանությունների օրոք գովերգում նրանց: Այսօր էլ թակում են՝ նոր իշխանություններին են գովերգում, բայց դուք (դիմեց դահլիճի կանանց) բոլորդ հավատարիմ եք ձեր սկզբունքներին: Ես ու Գեւորգը միասին հարցազրույցի էինք, նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ հայտնեցինք: Ահա այսպիսի լիբերալ կուսակցություն ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ