Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բացվեց Արցախում զոհված Գոռ Խուդինյանին նվիրված խաչքար-պուրակը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2018 20:20

Այսօր Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց խաչքար՝ նվիրված կապիտան Գոռ Խուդինյանին: Խաչքարի տեղադրման, հուշատախտակի ու պուրակի բացման նախաձեռնությունը Գոռի ընտանիքինն է. «Մենք ուզում ենք, որ սերունդներն անընդհատ տեսնեն ու հիշեն իրենց: Հուշատախտակի վրա Գոռի անունն առաջինն ենք գրել ոչ նրա համար, որ մեր տղան է, այլ նրա համար, որ Գոռից հետո այլեւս զոհեր չունենանք: Սա ընդամենը մի փոքր սփոփանք է»,- ասում է գոռի մայրը՝ Անահիտ Խուդինյանը:

Գոռի հայրը՝ Ֆրունզիկ Խուդինյանը արցունքները խեղդելով, հերոսների անունից շնորհավորեց ներկաներին՝ անկախության օրվա կապակցությամբ. «Ես շնորհավորում եմ հայ ազգին անկախության օրվա կապակցությամբ՝ Գոռի եւ մնացած զոհված տղաների անունից: Անկախություն, որի համար իրենց ներդնումն ունեն մեր տղաները: Նրանք չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Փառք բոլոր զոհված հերոս տղաներին»:

Խաչքարի բացմանը զուգահեռ բացվեց նաեւ Գոռին ու տարբեր տարիներին զոհված դպրոցի 6 շրջանավարտներին նվիրված հուշատախտակ: Բացման պատիվը տրվեց ազատամարտիկ Բաբկեն Պապոյանին:

Կապիտան Գոռը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան համայնքից էր: Հերոսի աճյունն ամփոփված է հայրենի գյուղում: Դպրոցի վերջին 5 տարիները Գոռը հաճախել է թիվ 5 դպրոց: Տնօրեն Լյովա Բարոյանը ցավով է խոսում հերոս դարձած շրջանավարտների մասին. «Ստացվեց այնպես, որ ես տնօրեն դարձա Ղարաբաղյան շարժման տարիներին՝ 1989 թվականին: Այս 30 ծանր տարիներին մեր բազմաթիվ շրջանավարտներ ծառայեցին եւ այսօր էլ ծառայում են բանակում: Ամեն անգամ վատ լուր լսելիս սիրտս գցում է, ով էլ զոհվում է մեր ազգից է, մեր երեխան է, մեզ հարազատ է: Ցավոք 7 անգամ ես կարդացել եմ, որ զոհվածը մեր դպրոցի շրջանավարտն է: Ծանր է ինձ համար, ես բոլորին եմ ճանաչել ու բոլորով եմ ապրել»:

Գոռը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո, 2011 թվականին իր ընտրությամբ ծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում, որպես հետախուզական դասակի հրամանատար, լեյտենանտ: 2013 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում, իսկ 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստանալով կապիտանի կոչում: Արդեն 2016 թվականին եղել է գումարտակի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ: Կապիտան Խուդինյանը զոհվել է 2017 թվականի փետրվարի 23-ին՝ մարտական գործողություն իրականացնելիս:

Գոռին նվիրված խաչքարի բացման պատիվը տրվեց հերոսի մորն ու ընկերներին. «Գոռի մասին կարելի է տարիներ շարունակ խոսել, իր մարդ տեսակի մասին, խոսել որպես ընկեր, եղբայր, խորհրդատու: Այնքան բառեր ու մտքեր կան, բայց այդքան ժամանակը չի բավականացնի նրա մասին պատմել: Նա մեծատառով ընկեր էր: Գոռի զոհվելու լուրը լսեցինք, բայց չէինք հավատում: Փորձում էինք ինքներս մեզ համոզել, որ նման բան չի կարող լինեն, որովհետեւ դա մեծ ցավ էր: Գոռից առաջ շատ կորուստներ էինք ունեցել՝ մեր համակուրսեցիներից ու ընկերներից, չէինք ուզում եւս մեկին կորցնել: Փորձում էինք չհավատալ, բայց, ցավոք, իրականություն էր…»,- ասում է Գոռի ընկերը՝ Սարգիս Խոջայանը:

Ընդամենը 26 գարուն բոլորած հերոսի ցավով ու կարոտով են հիշում, սակայն միշտ հպարտությամբ են խոսում. «Պետք է սփոփեմ ընկերոջս՝ որդի է կորցրել: Բայց միաժամանակ պետք է խոսեմ հերոսի մասին, որը խորին գիտակցումով գնաց իր ապուպապերի պատգամը կատարելու: Գնաց իր հող հայրենին պաշտպանելու: Խոսքերն անզոր ու քիչ են, խոնարհում էլ բավական չէ արտահայտելու երախտիքի այն զգացումը, որ տածում ես ընդամենը 26 գարուն ապրած հերոսի հանդեպ»,- իր խոսքում նշեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Սարգսյանը:

Հերոսներին նվիրված պուրակում կանգնեցվել են 7 եղեւնիներ, որոնց վրա փակցվեցին նրանց անունները: Իսկ ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930