«Ժողովրդով սպառնալը, չեմ կարծում, որ ճիշտ եւ լավ տեղ տանող ճանապարհ է: Այդ քայլերը շատ կարճաժամկետ էֆեկտ են ունենալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվել էինք`ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը`արտահերթ խորհրդարանական «դեմ» քաղաքական ուժերին պատժելու`վարչապետի մոտեցմանը:
«Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ՀՀ-ում ինչ է կատարվել, եթե մտածում են, որ մինչեւ այդ ինչ-որ ձայն պիտի ստանան, բոլոր այն ուժերը, ովքեր ասում են՝ մենք կարող ա դեմ քվեարկենք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան այս ընտրություններին, որովհետեւ նրանք դեմ են ժողովրդին: Բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք»,- մասնավորաբար, ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ինչ մնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նաիրա Զոհրաբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց`նման հարց դեռ չեն քննարկել. «Երբ կքննարկենք`լուծարում, սահմանադրական հանրաքվե… նախ, այդպիսի նախագիծ դեռեւս չկա ԱԺ-ում: «Կիկոսի մահը» քաղաքականության մեջ, իր համար ամենաանընդունելի գործելաոճն է: Երբ կլինի նախագիծ, այն ժամանակ կքննարկենք: Ինչ որոշում կկայացնենք`այս պահին չեմ կարող ասել, բայց մեկ բան վստահաբար կարող եմ ասել`ինչ որոշում էլ կայացնենք, լինելու է բացառապես մեր որոշումը, այն բխելու է ՀՀ քաղաքացու շահից եւ որեւէ կերպ պայմանավորված չի լինելու`կգանք, կճնշենք եւ այլն: Չի կարելի ժողովրդին սեփականաշնորհել: Որեւէ քաղաքական ուժ չի կարող ժողովրդի անունից խոսել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է խոսել ժողովրդի այն հատվածի անունից, որը համակրում է իրեն, որը վստահում է իրեն: Մի սպառնացեք ժողովրդով: Դա երկիրն ուղղակի դիկտատուրա եւ կործանման տանող ճանապարհ է: Եկեք միասին`հարգելով միմյանց, փոխադարձ հանդուրժողականության եւ միմյանց օգնելու մթնոլորտում լուծենք երկրի առջեւ ծառացած խնդիրները»:
Ի դեպ, երեկ Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ի անունից իր աջակցությունը հայտնեց «Քաղաքացիական պայմանագրին» եւ Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք մտածում այդ մասին`հարցին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «No comment»:
Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ տարբեր կուսակցությունների կողմից արտահերթ ընտրություններին մասով իշխանության հետ «բարիշելու», հեղափոխությունից «քյար ունենալու» փորձերի մասին:
Այդ առիթով Aravot.am-ի հարցին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այսպես պատասխանեց. «Ակնարկներով արված որեւէ հայտարարության չենք արձագանքելու`անկախ նրանից, թե ինչ մակարդակով են դրանք արվում: Երբ կլինի ԲՀԿ-ին կոնկրետ եւ անվանական ուղղված ասելիք, այդ ժամանակ էլ կպատասխանենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ