«Երևանի խնդիրների լուծմանը պիտի կոլեկտիվ մոտեցում ցուցաբերվի, որպեսզի Երևան քաղաքի որոշումների ընդունման համակարգը լինի կոլեգիալ»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Երևանի ավագանու թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Նա անդրադարձավ իրենց ներկայացրած ավագանու ցուցակին. «ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու ցուցակ, որի մեջ 90 տոկոսից ավելին երիտասարդներ և միջին տարիքի մարդիկ են, որոնք ունեն նորարարական գաղափարներ»:
Մհեր Շահգելդյանը, հատկապես կարևորեց ավագանու իրավասությունները. «Առաջարկում ենք ավագանու իրավասությունների ընդլայնում: Մենք կարևոր ենք համարում հասարակական կազմակերպչական աշխատանքը, որտեղ մարդիկ տարիներ շարունակ զբաղվում են հիմնախնդիրներով, որտեղ մարդիկ ունեն այլընտրանքային մոտեցումներ, որ պետք է օգտագործեն քաղաքի զարգացման համար»:
Հարցին՝ ՕԵԿ-ՔՊ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, Մհեր Շահգելդյանը պատասխանեց՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ աջակցել ու աջակցում են հեղափոխությանը. «Մենք աջակցում ենք գաղափարին: Մենք աջակցում ենք կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք առաջինն էինք, որ հայտարարությամբ հանդես եկանք, որ միանշանակորեն աջակցում ենք և պաշտպանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը՝ ելնելով նրանից, որ երկրում պետք է կայունանա քաղաքական համակարգը: Նաև մենք մեր աջակցությունն ենք հայտնել ուժային կառույցներին կոռուպցիայի, թալանի մարտի 1-ի գործի բացահայտման տեսանկյունից»:
Իսկ թե ինչպես է կուսակցությունը գնահատում իր շանսերը Երևանի ավագանու ընտրություններում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Կուսակցությունն իր շանսերը գնահատում է բարձր՝ ելնելով մի քանի գործոններից: ՕԵԿ-ը վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում չանցավ ԱԺ ուղղակի երկու-երեք հազար ձայնի պատճառով: Մենք հավաքեցինք վաթսուն հազար ձայն, քանի որ տեղի ունեցավ ընտրակաշառքի հեղեղ, վարչական լծակների կիրառում, ընտրակեղծիքներ: Այս ամենի արդյունքում ուղղակի մեզ չթողեցին՝ անցնենք ԱԺ, քանի որ նաև 2014-ին մենք դուրս եկանք կոալիցիայից՝ ասելով, որ չենք պատրաստվում այդպես աշխատել, քանի որ մեր ծրագրերը հնարավոր չեն իրականացնել: Մեր շանսերի բարձր գնահատելու մյուս գործոնն այն է, որ երիտասարդ մարդիկ են մեզ միացել, սոցիալական ցանցերում տրամադրություններն են դրական»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ