«Ընտրական գործընթացին մասնակցում են մեծ թվով թեկնածու կուսակցություններ, տեղամասային կենտրոններում կլինեն բավականին մեծ թվով վստահված անձինք, դիտորդներ, բոլորը կհետեւեն ընտրական գործընթացին, այն լինելու է լիակատար թափանցիկ ու հրապարակային, եւ ես կարծում եմ՝ որեւէ խնդիր, հարց, որեւէ մեկի մոտ չի առաջանա »,- վստահեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով այսօր ու նախօրեին իր հրաժարականը պահանջող քաղաքացիների մտահոգություններին, թե առաջիկա քաղաքապետի ընտրությունները կեղծվելու են: Մեր հարցին, թե ուղղորդված համարում է իր դեմ սկսված ակցիան, ԿԸՀ նախագահն ասաց՝ հիմքեր չունի այդպես կարծելու. «Քաղաքացիներ են, որոնք իրենց դիրքորոշումն են արտահայտում. ընդամենն այդքան բան»:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու իրենց համախոհները ԿԸՀ նախագահից հրաժարական են պահանջում:
Տիգրան Մուկուչյանի խոսքով, իր հրաժարականը պահանջող քաղաքացիներն ունեն իրենց օրակարգը, հանձնաժողովն էլ՝ իր օրակարգը.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի իր հստակ օրակարգը, որը որեւէ կերպ չի առնչվում իրենց օրակարգին: Հանձնաժողովի օրակարգը մեկն է՝ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան լիարժեք պատրաստվել ընտրական գործընթացին ու պատշաճ անցկացնել քվեարկություն: Ինձ ուղղված բոլոր մեղադրանքները հիմնազուրկ, փաստարկից զուրկ տեսակետների ներկայացում է, իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի գնահատականին, կարելի է ուղղակի վերցնել ընտրությունների հետ կապված դիտորդական առաքելությունների զեկույցները , նկատի ունեմ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, որտեղ այդ գնահատականները շատ հստակ տրված են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ