Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու:
«Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասաց Մուստաֆա Օզմենը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ–թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Ումութ Ալի Օզմենի դեպքը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր սեպտեմբերի 13-ին, երբ «Hürriyet» թերթի լրագրող Իսմայիլ Սայմազը «Բաց թողեք Ումութ Ալիին» վերնագրով հրապարակման մեջ մանրամասներ էր հաղորդել 16-ամյա տղայի մասին, ասելով որ վերջինս սահմանը հատել է զուտ հետաքրքրությունից դրդված:
Աղբյուր` Ermenihaber.am