Նախ և առաջ պետք է հստակ ամեն ինչ պարզվի, և այն պետք է լինի անկողմնակալ քննության արդյունքում ՝պատկան մարմինների ներգրավմամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով համայնքի բնակիչներից մեկը ծեծի էր ենթարկվել, և արդյունքում համայնքի բնակիչներն այսօր բողոքի ցույց էին անցկացրել՝ փակելով Ստեփանակերտ – Հադրութ ավտոմայրուղին:
Դավիթ Բաբայանը նշեց, որ, նախ, միջադեպը չպետք է քաղաքականացնել:
«Մենք տեսնում ենք, որ մի քանի «մուտիլովշիկներ», որոնց մասին արդեն հանրությունը մոռացել է, նորից ուզում են վերակենդանանալ, կեղտոտ «մուտիլովկաներով» բարձրանալ ջրի երես և քաղաքականացնել տեղի ունեցածը: Բայց կրկնում եմ. այստեղ որևէ քաղաքական երանգ չկա առհասարակ, և պետք է պարզապես հետաքննություն անցկացել: Եթե պարզվի, որ կան մեղավորներ, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- շեշտեց Դ. Բաբայանը:
Նա ընդգծեց, որ որոշ «սադրիչների» կողմից միջադեպը քաղաքականացնելը դարձել է կարևոր խնդիր, քանի որ նրանք նախկինում ձախողվել են երկրում իրավիճակը ապակայունացնելու իրենց փորձերում. «Այժմ քաղաքական իրենց մանր և կեղտոտ նպատակներից ելնելով, փորձում են ինչ-որ բաներ փնտրել և իրավիճակը Արցախում ներկայացնել վատ ձևով»:
Ինչ վերաբերում է միջադեպին ԱԱԾ աշխատակիցների մասնակցությանը, ապա Դ. Բաբայանը նշեց, որ նախ պետք է պարզել, թե նրանք մասնակցել են պարզապես իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, թե ոչ:
«Պատկան մարմինները պետք է ամեն ինչ պարզեն, քանի որ Արցախում և առհասարակ ցանկացած ժողովրդավարական երկրում օրենքի առջև բոլորը հավասար են և օրենքը վեր է ամեն ինչից»,- եզրափակեց Դ. Բաբայանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ