«Ում համար իրավիճակը փոխվել է, ում համար էլ մնացել է նույնը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այն հայտարարությանը, թե իրավիճակ է փոխվել, քանի որ նախքան հեղափոխությունն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել, որ ասենք «Արարատ թիվիի» եթերում կհայտնվի «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը, այսպես պատասխանեց Արմինե Օհանյանը:
Մանրամասնելով՝ Արմինե Օհանյանն ասաց. «Իսկ մամուլի համար «իրավիճակը» պետք է մեկը լինի․ ծառայել հասարակությանն իրազեկելու խնդրին, կատարել հասարակության սանիտարի դերը։ Մեր թերթն ու մասնավորապես՝ ես, երկրորդ խմբում ենք՝ միշտ ասել ենք այն, ինչ համարել ենք ճիշտ, երբեք իշխանության հետ նույն ճամբարում չենք եղել եւ երբեք չենք առաջնորդվել այսրոպեական շահերով։ Անձամբ ես նաեւ չեմ մերժել մեր գործընկերների խնդրանքները՝ հարցազրույցներ տալու, որ լրատվամիջոցն ու հեռուստաընկերությունն ուզում է լինի՝ իշխանական, թե հակաիշխանական։ Իսկ համագործակցելու կարիք առաջ էլ չենք ունեցել, հիմա էլ չունենք, եւ ոչ մեկի հետ, ի տարբերություն, որոշ հասարակական կազմակերպությունների ու անձանց, որոնք ոչ թե լրագրողների շահերն են պաշտպանում, նրանց ոտնահարված իրավունքներին տեր կանգնում, այլ քաղաքական խնդիրներ լուծում, հարմարվում պահի կոնյուկտուրային, տարբեր ծառայություններ մատուցում իշխանություններին»։
Արմինե Օհանյանը կարծում է՝ ժամանակն է, որ հենց այս դաշտում «իրավիճակ փոխվի»․ մանավանդ մամուլի հարցերով զբաղվող կեղծ ընդդիմադիրներն ու գրանտակերներն իրենց տեղը զիջեն իրապես լրագրողների շահերը պաշտպանող կազմակերպություններին ու անձանց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ