Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու իր համախոհներն արդեն մի քանի օր է՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պահանջում են հրաժարական տալ:
Այսօր վաղ առավոտից Ավետիսյանը համախոհների հետ հանձնաժողովի շենքի դիմաց երկար սպասել է Տիգրան Մուկուչյանին հանդիպելու համար, բայց նրան այդպես էլ չեն տեսել:
«Նա անցած իշխանությունների ժամանակ կեղծել է բոլոր ընտրությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առջեւում քաղաքապետի ընտրություններ են, համոզված ու վստահ ենք, որ այս ընտրություններն էլ են կեղծելու, հօգուտ ում՝ չեմ կարող ասել: Դրա համար որոշել ենք, որ նա պարտադիր հրաժարական տա, ամեն ինչ անում ենք այդ գործընթացն առաջ տանելու համար, բայց այսօր Մուկուչյանն էլ չեկավ, աղբամանը մոտեցրել էինք, որ հենց գա, գցենք աղբամանն ու քաղաքով ման տանք, որ բոլոր կեղծարարները, որոնք ծառայել են Սերժ Սարգսյանի ռեժիմին, տեսնեն ու հրաժարական տան»,- ասաց Ավետիսյանը:
Ազատամարտիկի կարծիքով, այսօրվա իշխանության ներսում կան նախորդ իշխանությունների նշանակած կադրեր, որոնք էլ հենց աշխատելու են ընտրությունները կեղծել. «Այն սիստեմը, որ 30 տարի գործել է, անօրինականություններ կատարել այսօրվա իշխանության ներսում են, մեր ակցիայով ցույց ենք տալիս, որ մեր նորընտիր, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը Սերժի ու Քոչարյանի մնացորդներին պետք է ազատի աշխատանքից, ոմանց նկատմամբ էլ դատական գործ պետք է հարուցվի. առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանի»:
https://www.youtube.com/watch?v=eQs8yCzjsko
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ