ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ականներին ուղղված ելույթին, որ «մի հատ ձեզ թափ տվեք, տենանք ձեր կտորը որ կողմը կընկնի, ասել էր՝ «Մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»:
«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Երեւանի ավագանու անդամի թեկնածու Արամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ հայտարարությունն անիմաստ է. «Ավելի քան համոզված եմ, որ ժողովուրդը ՀՀԿ-ի ո՛չ օգնության, ո՛չ փրկության կարիքն ունի, քանի որ էս վերջերս է ժողովուրդը փրկվել ՀՀԿ-ից ու իր ինքնակոչ առաջնորդից»:
Հարցին՝ ընդդիմախոսներն անընդհատ նշում են, որ Հայկ Մարությանը քաղաքային տնտեսությունից հեռու է, դա ինչքանո՞վ նրան կխանգարի քաղաքապետի պաշտոնում, եթե ընտրվի՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք ունենք շատ ամուր պրոֆեսիոնալ թիմ, ունենք իրագործելի ծրագիր, եւ ավելի քան վստահ եմ, որ Հայկ Մարությանն ունի այդ քաղաքական կամքը, որ օգնի նրան իրագործել այն ամենն, ինչ կա ծրագրում»:
Արամ Մանուկյանն ընդհանուր առմամբ քարոզարշավը հաջողված է համարում, ասաց, որ ընտրություններին կիմանան՝ քարոզարշավն իր նպատակին ծառայե՞լ է, թե՞ ոչ: Իսկ թե որքան ձայնի ակնկալիք ունեն, թեկնածուն չպատասխանեց, ասաց, որ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է. «Ընտրություններին արդյունքները կտեսնենք»:
Հարցին՝ մրցակից թեկնածուները դժգոհեցին, որ այս քարոզարշավը կտրվեց այսպես ասած «ծրագրային քարոզարշավից» եւ քաղաքական հարց դրվեց՝ հեղափոխականներ-հակահեղափոխականներ, սա ճի՞շտ էր, թե՞ սխալ՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Իմ քայլը» դաշինքն իր նախատեսված ծրագրով, քարոզարշավով շարժվում է, շփվում է բնակիչների հետ, տեղեկացնում է ծրագրերի մասին, մենք որ չենք շեղվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ