Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Տիգրան Վլադիկի Պողոսյանի դատավարությունը; Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, այդ զորամասի հրամանատարի 2017թ. սեպտեմբերի 27-ի հրամանի համաձայն 2017թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ 2017թ. հոկտեմբերի 10-ը նշանակված լինելով զորամասի պաշտպանության շրջանում տեղակայված մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տ. Պողոսյանը չի պահպանել այն պահանջը, որ ինժեներական աշխատանքները պետք է իրականացվեն միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում կամ գիշերային ժամերին, նա 2017թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում չի արգելել մարտական դիրքի ինժեներական աշխատանքներում ընդգրկված շարքային Չապլին Մարգարյանի կողմից հակադիվերսիոն պատի վրա բարձրանալը: Դա անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք, հակառակորդի կողմից կրակահերթ է արձակվել Չ. Մարգարյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ստացել է հրազենային մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Բերդի բժշկական ջոկատ, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Տ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետում ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ