ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարելու դեպքի հանգամանքները:
2018թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:10-ին, քաղաքացին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:17-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով Թումանյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկի աշխատակցի անուշադրությունից, խանութի ցուցատախտակի վրայից գաղտնի կերպով հափշտակել է «Մաքբուկ» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում խանութից ստացված տեսագրության զննությամբ պարզվել է, որ գողությունը կատարվել է խանութ այցելած քաղաքացու կողմից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին