«Իսկապես իրավիճակ է փոխվել»,-«ԶԼՄ-ների գործունեություն. առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այս առիթով նա մանրամասնեց. «Նախքան հեղափոխությունն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել, որ ասենք Արարատ թիվիի եթերում կհայտնվի «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը: Այսինքն՝ քաղաքական դաշտի լուրջ վերափոխումներից հետո նաև հետաքրքրություններն ու շահերն են այլ դարձել և այլ պայմաններում են, երբ հնարավոր է այնպիսի համագործակցություն, որը հնարավոր չէր նախքան հեղափոխությունը»:
Դառնալով քարոզարշավի լուսաբանմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց. «Այն իսկապես շատ կարճ ժամանակահատված էր այն առումով, որ քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, դժվար թե հասցնեին լուրջ աշխատանք կատարել ընտրազանգվածի հետ: Մենք խոսում էինք խորհրդարանական ընտրությունների մեկամսյա ժամկետի մասին, երբ 2017-ի ընտրություններն էին, հիմա էլ ավելի կարճ ժամանակահատված էր, և տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ հապճեպ ու արագ է արվում և ազդեցություն ընտրողի վրա կարող է այնքան չլինել, ինչքան ակնկալվում էր: Վերջին տարիներին արդեն իսկ բավականին լավ ավանդույթ էր ձևավորվել հենց ընտրարշավի, քարոզարշավի ժամանակ՝ հավասարություն պաշտպանել: Վերջին մեկ-երկու տարիներին բավականին շատ էր քննադատվում մեխանիկական հավասարեցումը, որ լրատվամիջոցները պարտավոր են բոլոր քաղաքական ուժերին հավասար ժամանակ տրամադրել եթերում, բայց մյուս կողմից՝ դա իսկապես հավասարություն էր ստեղծում: Այս ընթացքում տեսնում էի, որ դրանք մեծ հաշվով համադրելի են, և հավասար մոտեցումը պահպանվում է»:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ հավասարություն պահպանելու խնդիրը ոչ թե բուն քարոզարշավն է, այլ առաջ կամ հետո: Ըստ նրա՝ այն հեռուստաընկերությունները, որոնք այս կամ այն քաղաքական ուժի հետ են ասոցացվում, չէր կարելի ասել, որ հավասարակշռվածություն էին պահպանում նախընտրական կամ հետընտրական շրջանում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգ չեն իրականացրել, բայց մասնակի դիտարկումներ են անցկացրել: Նա ներկայացրեց իր դիտարկումները. «Երևանի ավագանու այս ընտրությունները թողնում էին գոնե ինձ վրա համապետական ընտրության տպավորություն, որտեղ իշխանության հարց է լուծվում: Սրանով են բացատրվում այն խոսակցություններն ու զարմանքը, որ մարդիկ ունեն, որ ըստ էության տեղական ընտրությունների ժամանակ քարոզարշավում այս կարգի բախումներ ու բանավեճեր են տեղի ունենում: Ոչ միայն մրցակից, այլև թվում է, թե միևնույն դաշինքի ներկայացուցիչների մեջ, օրինակ՝ ՔՊ-ի և «Լույսի»: Ավելի շատ խոսվում է Երևանի քաղաքապետի ընտրության մասին, քան ավագանու կազմի մասին»:
Լաուրա Բաղդասարյանը նկատեց՝ ԶԼՄ-ները տարբեր մեկնարկային պայմաններում սկսեցին այս ընտրարշավը. «Եթե խոսքը հեռուստատեսության մասին է, նախ ասեմ, որ մրցակից ուժերից մի քանիսն ունեն հեռուստաընկերություններ, որոնք սպասարկում են նրանց քաղաքական շահերը, իսկ չորրորդն ունի նաև օնլայն լրատվամիջոց: Ճիշտ է՝ չի համարվում կուսակցության խոսափողը, բայց դատելով բովանդակությունից՝ սպասարկում է այդ կուսակցությանը: Կան ուժեր, որոնք հավակնում են մեծ արդյունքներ ունենալ այս ընտրություններում, բայց կան ուժեր, որոնք ուղղակի մարզվում են և ցանկանում են նախընտրական մարզաձև ձեռք բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»:
Լաուրա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այս քարոզարշավն ավելի տեսանելի էր. շատ էին տեսանյութերը, ինչը հնարավորություն է տալիս ընտրազանգվածին ներկա գտնվել այնտեղ, որտեղ ուժերը լինում էին. «Օնլայն լրատվամիջոցները հիմնականում գործում էին ուղիղ եթերների, տեսանյութերի ներկայացմամբ: Հեռուստատեսության պարագայում առանձնահատկությունն այն է, որ կան մի շարք հետազոտություններ, որոնք արված էին ընտրությունների ժամանակ, որոնք վկայում են, որ բավական ակտիվ քարոզչական գործունեություն էին տանում և հիմնականում ունեին հաղորդումների տարբեր ձևաչափեր, բանավիճային հաղորդումներ: Այս անգամ միայն «Երկիր մեդիան» ու Հ2-ն էին պահպանել հարցազրույցների ձևաչափը»:
Այն, որ լրատվամիջոցների որոշ խմբագիրներ բարձրաձայնում էին այն մասին, որ պաշտոնյաների ուղիղ եթերներն ու ֆեյսբուքյան գրառումները մարտահրավեր են լրատվամիջոցներին, այս առիթով Լաուրա Բաղդասարյանը նկատեց՝ գուցե տրտնջանքները հիմքեր ունեն ու պարզաբանեց. «Միևնույն նյութը թեկուզ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք շրջում են ֆեյսբուքյան հարթակներում, ավելի շատ լսարան է հավաքում, քան այն նյութերը, որոնք վերծանվում են ԶԼՄ կողմից: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի մեկնարկի մասին ուղիղ միացումը ֆեյսբուքյան նրա էջում ուներ 212 հազար հետևորդ, մինչդեռ այդ միևնույն տեսանյութի ավելի համառոտ տարբերակի շրջանառությունը օրինակ՝ 1in.am-ում կազմել է ընդամենը 5009 դիտում: Բայց այս առանձնահատկությունը միայն Նիկոլ Փաշինյանի դեպքում է»:
Աշոտ Մելիքյանը անդրադարձավ Շատին համայնքում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը. «Լրագրողներն իրենց պարտականությունն էին կատարում և այդ խնդիրն ուզում էին լուսաբանել ու բռնության ենթարկվեցին: Անկեղծ ասեմ, որ զուտ տեխնիկական պատճառներով ստացվեց այնպես, որ մենք հայտարարությամբ հանդես չեկանք և դա մեր բացթողումն է: Մենք այդ փաստն արդեն իսկ ներառել ենք մեր՝ այժմ պատրաստվող եռամսյակային զեկույցում, և դա մեր ուշադրության կենտրոնում է լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի