Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի կազմակերպությունները և անհատ անդամներն իրենց մտահոգությունն են հայտնում առ այն, որ Երևան քաղաքը հեռու է ներառականության տարրական նորմերից, և հաշվի չեն առնվում հասարակության բոլոր անդամների, մասնավորապես` երեխաների, տարեցների, մայրերի, տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։
Քաղաքացիական հասարակության ներքոստորոգրյալ կազմակերպություններս և անձինք
կարևորելով Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, հավասարության, հարգանքի, արժանապատվության մթնոլորտի, բոլորի իրավունքների եւ ազատությունների ապահովման և պահպանման անհրաժեշտությունը,
անհանգստացած լինելով վերջին շրջանում բոլոր քաղաքական ուժերի կողմից անձի իրավունքների և ազատությունների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորումներով,
ընդգծելով Երևան համայնքի ավագանու դերը հավասարության և ներառականության պայմաններ ստեղծելու գործում
Կոչ ենք անում և հորդորում
1.Երեւան քաղաքի կառավարման ընթացքում դրսեւորել հարգանք յուրաքանչյուր անձի իրավունքների եւ ազատությունների նկատմամբ։
2.Միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքի կառավարման աշխատանքում ներգրավված բոլոր ծառայողները իրազեկված լինեն բոլոր անձանց իրավունքների եւ ազատությունների ապահովման եւ պաշտպանության հարցում յուրաքանչյուրի նկատմամբ անհատականացված մոտեցումների ցուցաբերման չափանիշների մասին։
3.,Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացում հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի, այդ թվում՝ հոգեսոցիալական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ապահովման անհրաժեշտությունը։
4.Ընդունել մատչելիության ռազմավարություն և գործողությունների պլան, ապահովել դրա իրականացումը և մոնիթորինգը հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով՝ համապատասխան Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոմիտեի մատչելիության մասին 2-րդ ընդհանուր մեկնաբանություն (2014)
– Իրականացնել ճարտարապետական հարմարեցումներ հասարակության բոլոր խմբերի համար՝ ներգրավելով տվյալ խմբերի ներկայացուցիչներին։ Այդ թվում՝ վերելակները հարմարեցնել տեսողության խնդիրներ ունեցող, սայլակ օգտագործող անձանց համար։
– Բոլոր հասարակական հիմնարկներում և ընդհանուր օգտագործման վայրերում, կրթական և բուժ․ հիմնարկներում կառուցել թեքահարթակներ, որոնք իրապես ստեղծում են տեղաշարժման հնարավորություն
5.Անցումները՝ ստորգետնյա և վերգետնյա, հարմարացնել տարբեր կարիքներ ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը։ Ուշադրություն դարձնել լուսակիրների հարմարեցումներին, մասնավորապես հետիոտնին թույլատրող կանաչ լույսի տևողությունը հարմարեցնել տարբեր կարիքներ ունեցող անձանց կարիքների, ինչպես նաև քաղաքի բոլոր լուսակիրները հարմարեցնել տեսողության խնդիր ունեցող անձանց համար՝ ավելացնելով գույնի ձայնային ազդակը։
6.Երաշխավորել հանրությանը մատուցվող ծառայությունների, այդ թվում՝ առողջապահական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար։
7.Երևանի քաղաքացիական պաշտպանության միջոցառման պլանավորման, իրականացման գործընթացում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և ներկայացուցիչ կազմակերպությունների մասնակցությունը։
8.Երաշխավորել Երևանի՝ համընդհանուր ներառական կրթության լիարժեք և սահուն անցումը 2019 թվականին՝ իրականացնելով համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործողություններ։
9.Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու երեխաների՝ իրենց ներկայացնող կազմակերպությունների միջոցով լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և երեխաներին առնչվող որոշումները, քաղաքականությունները, ռազմավարությունները և գործողությունների պլանները մշակելիս։ Այդ գործընթացներում ապահովել երեխաներին հարմար (child-friendly) մատչելի ձևաչափերով նյութերի մշակումը և տարածումը։
10.Ստեղծել կյանքի դժվարին իրավիճակներում գտվող և (կամ) կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման արդյունավետ մեխանիզմներ՝ իրականացնելով տնայցեր, կարիքների ուսումնասիրում և գնահատում։
11.Ընդգրկել հայեցակարգում երեխայի ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական, հոգեբանական և սոցիալական զարգացման հիմնախնդիրները, որոնց լուծման ճանապարհները պետք է ուղղված լինեն բոլոր երեխաների համար օպտիմալ զարգացմանը հասնելուն:
12.Ապահովել բյուջետային ներդրումներ գենդերային հարցերով անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար։
13.Չմիջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը, ապահովել պատմական հուշարձանների ու պաշտամունքային գույքի պաշտպանությունը։
14.Թաղապետարանի կողմից արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալ հասարակության բոլոր շերտերին՝ առանց խտրականության և իրականացնել սոցիալական կարևորագույն հարցերի շուրջ (առողջ ապրելակերպ, ճանապարհային անվտանգություն, մարդու իրավունքներ, խտրականության բացառում) հասարակության տարբեր խավերի իրազեկվածության մակարդակի բարձրացում։
15.Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում ապահովել հանրային միջոցառումների և հավաքների ազատությունն առանց խտրականության։
16.Հորդորում ենք Երևանի ավագանու ընտրված անդամներին խտրականության դեպքերի, ատելության խոսքի և հասարակության մեջ անհանդուրժողականության տարբեր դրսևորումների նկատմամբ դրսեւորել ծայրահեղ զգայունություն։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայում այսօր ընդգրկված է 11 ՀԿ և 4 անհատ․
«ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն «Իրական աշխարհ, իրական մարդիկ»
«Հանուն հավասար իրավունքների»
«Իրավունքի զարգացման կենտրոն»
«Կանանց ռեսուրսային կենտրոն»
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»
«Փինք Արմենիա»
«Հասարակություն առանց բռնության»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
Լիդա Մինասյան
Անահիտ Չիլինգարյան
Նարե Հովհաննիսյան
Ռիմա Սարդարյան