«Սասնա ծռեր» -ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ վաղ առավոտից Արցախում բողոքի ցույց են իրականացնում համայնքի մի խումբ բնակիչներ՝ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ավտոմայրուղին: Պատճառը Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ գրանցված միջադեպն է, որն ավելի ուշ ավարտվել էր ծեծկռտուքով, և արդյունքում համայնքի էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքոնյանը ստացել էր մարմնական վնասվածքներ:
Aravot.am-ի հետ զրույցում Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը, հաստատեց տեղեկությունը, հայտնելով, որ համայնքի մի խումբ բնակիչների կողմից բողոքի ցույց է անցկացվել նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
«Այսօր համայնքի բնակիչների կողմից բողոքի ցույց է իրականացվել և ժամը 12-ի սահմաններում մոտ կես ժամ փակվել է համայնքով անցնող Ստեփանակերտ – Հադրութ ավտոմայրուղին: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հիմա արդեն ճանապարհը երկկողմանի բաց է, և շարունակվում է բնականոն երթևեկությունը: Կարծում եմ կողմերը վերջնական համաձայնության են հասել և նորից բողոքի ակցիա չի իրականացվի»-, նշել է համայնքի ղեկավար էրիկ Աբրահամյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ