«Մենք չենք թիրախավորել տղամարդկանց, կանանց, երեխաներին, մեր ծրագիրը գրել ենք ընդհանրական, որը վերաբերում է բոլոր շերտերին, Երեւանի քաղաքացիներին: Սակայն բոլոր կետերում ներառված փոփոխությունները վերաբերում են նաեւ երեխաներին: Քաղաքաշինությունից մինչեւ մանկապարտեզներ ու էկոլոգիա, ամեն ինչ առնչվում է երեխաների հետ»,- սեպտեմբերի 20-ին «Մեդիա» կենտրոնում կայացած «Երևանը՝ երեխաների համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թեհմինա Վարդանյանը՝ «Լույս» դաշինքից: Նա փաստեց, որ կանաչապատ տարածքներն օր օրի նվազել են, եւ իրենց դաշինքի ծրագրում հատուկ կետ կա հյուսիսային հատվածում ծառածածկույթ ունենալու վերաբերյալ: Հավելեց, որ նախադպրոցական եւ դպրոցական սննդի ու սպասարկման հետ կապված ռազմավարություն են մշակում, մի քանի օրինակ բերեց տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ:
ՀՅԴ ավագանու թեկնածու Լիլիթ Մանուկյանը որպես մայրիկ խոսեց: Ասաց, որ ժամանակին իր երեխաներին տարել է մանկապարտեզ, որը վճարովի էր, բայց առանց հերթագրման, մինչդեռ այժմ հնարավորություններ չկան: «Մանկապարտեզների անվճար լինելը դրական է, բայց պետք է ավելացնել դրանց թիվը»,-նշեց Լիլիթ Մանուկյանը: Նա ասաց, որ թերբեռնված դպրոցներ կան, որտեղ կարելի է բացել նախակրթարաններ, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա նախակրթական փուլից, քանի որ մանկապարտեզում պատրաստում են երեխային, եւ մանկապարտեզ չհաճախած երեխան, երբ միանգամից դպրոց է գնում, խնդիր է ծագում: Նա օրինակ բերեց ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզը, որը բացվել է ազատամարտի տարիներին, ասաց, որ հաճախելն այնտեղ անվճար է, կարող են այցելել եւ անապահով եւ ապահոված ընտանիքների երեխաներ:
«Հայք» կուսակցության ավագանու թեկնածու Աիդա Դաբաղյանը հայտնեց, որ իրենց ծրագիրը կազմելիս փորձել են կարեւորել այն հարցը, թե ինչպիսի անձ են ուզում ձեւավորել, հետո նոր համապատասխան պայմաններ ապահովել: Նա ասաց, որ ծնողների աջակցության կենտրոններ են նախատեսում բացել, քանի որ կան եւ դժվար դաստիարակվող, եւ ներառական կրթության կարիք ունեցող երեխաներ:
«Հայ ընտանիքներում դաստիարակվող երեխաներն իրավունք ունեն ստանալ հայեցի կրթություն, կրողը լինել հայկական արժեհամակարգի»,-ընդգծեց Աիդա Դաբաղյանը: Նա փաստեց, որ փոքր դասասենյակներում հնարավոր չէ աշակերտակենտրոն կրթություն իրականացնել, յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն տալ իր խոսքն ասել եւ ոչ թե անգիր արած նյութեր արտադրել:
«Երեւանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչ Արմինե Դավթյանն ասաց, որ ցանկացած քաղաքակիրթ երկրի զարգացումը պայմանավորված է նախ եւ առաջ այն ներդրումներով, որ անում է երկիրը երեխաների զարգացման հաստատությունների վրա. «Երբ ես համեմատում եմ այն ներդրումները, որն անում է մեր պետությունը, Երեւանի քաղաքապետարանը երեխաների զարգացման հաստատությունների վրա, իսկ դրանք կրթական հաստատություններ են, գեղագիտական կենտրոններ եւ այլն, ինձ համար զարմանալի չէ այն, ինչ մենք այսօր ունենք իրականության մեջ»: Նրա ձեւակերպմամբ, բարեկեցիկ մանկության ապահովման պայմաններ առայժմ չկան Երեւանում եւ Հայաստանում ընդհանրապես: Արմինե Դավթյանը շեշտեց, որ պատրաստվում են մշտադիտարկում անցկացնել, ըստ այդմ որոշել առաջնահերթությունները:
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Մալխասյանը նշեց, որ երեխաների թեման հարազատ է իրեն, քանի որ երկար տարիներ աշխատում է երեխաների հետ՝ «Օրրանում», որտեղ գալիս են այնպիսի երեխաներ, որոնց ընտանիքներում առաջնահերթը հացի խնդիրն է, երեխաներ, որոնք դպրոցներում ու մանկապարտեզներում լուրջ խնդիր ունեն: «Բոլորիս խնդիրն է ունենալ այնպիսի Երեւան, որտեղ չեն լինի սոված ու մուրացիկ երեխաներ: Լավ պետության եւ ապագա ունենալու համար, պետք է նախ կրթված եւ դաստիարակված սերունդ ունենանք, ուստի պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ եւ միջավայր»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Սոնա Մալխասյանը հավելեց, որ տրանսպորտը, որից ամեն օր օգտվում են երեխաները, ոչ միայն քիչ է, այլեւ անհարմար՝ ներառական խնդիրներ ունեցող երեխաների եւ ծնողների համար: «Այսօր շատ կան վճարովի ժամանցային կենտրոններ, մարզասրահներ, որոնք ոչ բոլոր ընտանիքների համար են մատչելի, իսկ մենք առաջարկում ենք ներդնել անվճար համակարգ, որպեսզի երեխաները կարողանան մասնակցել մարզական պարապմունքների եւ ժամանցային կենտրոններ այցելել»,-հայտնեց Սոնա Մալխասյանը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ տարբեր խնդիրների մասին խոսելիս խորհուրդ է տալիս նախ փորձել հասկանալ՝ արդյոք դրանք քաղաքապետարանի եւ ավագանու գործառույթների մեջ մտնո՞ւմ են:
«Բոլոր խնդիրները, որոնք այստեղ բարձրացվեցին, երեխայի իրավունքների հետ կապված խնդիրներ են, որոնք ամրագրված են տարբեր փաստաթղթերում: Մեր ծրագրում գրված է, որ որեւէ ծրագիր իրականացնելիս՝ ելնելու ենք բացառապես երեխայի իրավունքի եւ լավագույն շահի սկզբունքից: Ի դեպ, քաղաքապետը որպես պաշտոնյա ամենաշատն ունի երեխայի շահը պաշտպանելու իրավունքներ, որը երբեւէ չի կիրառվել ու չի դրսեւորվել»,-ասաց Գայանե Աբրահամյանը: Նա հավելեց, որ ամենաշատը խախտվում է երեխայի կրթության իրավունքը: Անդրադարձավ նաեւ շենքերի համատարած վաճառքին, օտարմանը, փաստեց, որ 80 շենք արդեն կորցրել ենք, 47-ը տրված է անվարձահատույց օգտագործման:
«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը փաստեց, որ Երեւանում հոգատար վերաբերմունք չկա Երեւանի եւ երեւանցու հանդեպ ընդհանրապես: Ասաց, որ քաղաքը սիրող մարդ պետք է ղեկավարի: Դժգոհեց ապօրինի ծառահատումներից, ասաց նաեւ, որ Երեւանը վերածվել է հսկա աղբավայրի, ու մեր երեխաները շնչում են աղբավայրերից արձակվող թունավոր գազերը: Նրա խոսքով, Երեւանը հարմարեցված չէ ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար. «Չնայած թանկարժեք կոնյակ ենք խմում սեղանների շուրջ, ասում ենք՝ ամեն ինչ անում ենք հանուն երեխաների, սակայն ամեն ինչ անում ենք նրանց թունավորելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի: