Այսօր Երեւանի ավագանու անդամի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները քարոզարշավ իրականացրեցին Արաբկիր վարչական շրջանում: Բնակիչները հետաքրքրվում էին, թե ո՞ւր է Հայկ Մարությանը: Դաշինքի անդամներն էլ, բաժանելով բուկլետները, տեղեկացնում էին, որ նա մասնակցում է հեռուստաբանավեճի եւ իրազեկման արշավին կմիանա ավելի ուշ:
Բնակիչներից մեկը՝ Իռա Լազգյանը վստահեցրեց, որ իրենց հարեւանները, բոլորն ընտրելու են Հայկին. «Մենք բոլորս մասնակցել ենք հեղափոխությանը եւ անպայման բոլորս ընտրելու ենք նրան: Ես ինքս թոռանս հետ ցույցերին միշտ մասնակցել եմ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Մարությանի առաջարկած նախընտրական ծրագրին ծանո՞թ են, գիտե՞ն ինչ փոփոխություններ է նա պատրաստվում անել, եթե ընտրվի՝ բնակիչը պատասխանեց, որ ծանոթ չի, բայց վստահ է՝ ինչ ասել է Մարությանը, անելու է. «Եթե Հայկ Մարությանը լինի քաղաքապետ, փոփոխություն կլինի, արդարություն կլինի, վարչապետին էլ արդար ընտրել ենք, մենք ենք ընտրել»:
Մեր հարցին՝ մյուս մրցակիցներից տեղյա՞կ եք ինչ են առաջարկում՝ Լազգյանը պատասխանեց. «Չէ, ես ում ընտրում եմ, նրանից եմ տեղյակ: Բոլորն էլ լավն են, բայց ես ուզում եմ Մարությանը լինի քաղաքապետ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ նախկին ընտրություններին ո՞ւմ եք աջակցել՝ կինը պատասխանեց. «Դե, հիմա, ում որ ընտրել ենք…»:
Ավելի ուշ պարզվեց, որ ընտրել ու աջակցել են ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին: Հարցին՝ նա ձեր հույսերը չարդարացրե՞ց՝ բնակիչը պատասխանեց. «Ոչ, ես ոչ մի հարցով չեմ ստացել ոչ մի բան: Երբ որ պետք է եղել, մտել ենք, ոչ մի անգամ տեղում չի եղել: Այս անգամ փորձենք: Լինում են հարցեր, գնում ենք՝ չեն ընդունում, Տարոն Մարգարյանի դուռը փակ էր, տեղում չէր: Հիմա փորձենք Հայկ Մարությանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ