«Դպրոցները, թաղապետարանները եւ նախարարություններին ենթակա կառույցները ներգրավված չեն նախընտրական գործընթացում: Եթե անգամ ինչ-որ չափով ներգրավված են, դա արձանագրված չէ փաստով: Ընտրակեղծարարությունների ակնհայտ փաստեր չկան, ուստի քարոզարշավը դրական եմ գնահատում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ մամուլում եղել է հրապարակում այն մասին, որ կուսակցություններից մեկը պայմանագրեր է կնքում, որպեսզի քաղաքացին գումարի դիմաց իր ընտանիքում քարոզարշավ իրականացնի, սակայն դա եւս փաստացի չի հաստատվել:
«Նախկինում ընտրակաշառքը սպասված երեւույթ էր, հիմա դա չկա: Հույս ունեմ, որ քաղաքացին մերժելու է կաշառքը: Ասեկոսեներ կան, որ վաղը երեկոյան ըստ ցուցակների՝ մթության քողի տակ, սանհանգույցներում կաշառք են բաժանելու, պարտքեր են փակվելու ձայների դիմաց…»,-հայտնեց Արտակ Զեյնալյանը:
«Սիրելի քաղաքացիներ, բռնեք կաշառք տվողի ձեռքը, մերժեք կաշառքը: Քվեարկեք, որոշում կայացրեք եւ տեր եղեք ձեր երկրին»,-ընտրողներին կոչ արեց «Լույսի» քաղաքապետի թեկնածուն:
https://www.youtube.com/watch?v=eGtbZwspcSQ
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ