«Հաշվի առնելով այն, որ մեր տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական արտադրանք, ինչպես նաև մոլախաղեր, ընդերքի արտահանում, այս տնտեսական կառուցվածքը չի կարող մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործող տնտեսական կառուցվածքը մեզ չի բավարարում եւ պետք է գնալ լուրջ քայլերի:
Ըստ վարչապետի. «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռեւերսի, փոփոխության շրջանում մենք նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, «երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով»: «Բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ