Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Թուրքական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Բոզքըրը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ասել է. «Քանի դեռ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ես եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն ու չեն էլ լինելու»:
Բոզքըրն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին, նշելով, որ այն եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում: Ընդգծելով, որ ԼՂ խնդիրը Թուրքիայի համար առաջնային հարց է, նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, որ «քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»:
Այս թեմայով «Ermenihaber.am»-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշեց, որ թուրք գործչի հայտարարությունը չնայած ժամանակավրեպ է և որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, բայց իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Թուրքիան մեկ անգամ ևս շեշտում է, որ դեռ ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:
«2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Ըստ ընթացակարգի՝ նման փաստաթղթերը պետք է քննարկվեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա նոր ներկայացվեն խորհրդարան: Այս դեպքում այդ հանձնաժողովի նախագահ Վոլքանը Բոզքըրի՝ արձանագրությունների վերաբերյալ հայտարարությունը կարևոր կարող էր լինել, եթե այն չլիներ ժամանակավրեպ:
Բանն այն է,որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը չեղարկում է հայ-թուրքական արձանագրությունները: Սա նշանակում է, որ այդ արձանագրությունները այլևս որևէ իրավական նշանակություն չունեն, քանի որ կողմերից մեկը, այս դեպքում Հայաստանը, հրաժարվել է գործընթացից, մյուսի՝ արձանագրությունները կյանքի կոչելու համար նախապայմաններ առաջ քաշելու պատճառով»,-ասաց Անահիտ Վեզիրյանը:
Թուրքագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, թուրք պաշտոնյան չէր կարող նման հայտարարություն անել՝ անտեղյակ լինելով, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունն արձանագրություններից և դրա բերած հետևանքներից: Ուստի, սա, ինչպես նաև այն, որ հայտարարությունն արվել է Բաքվում, թույլ է տալիս եզրակացնել, որ Բոզքըրի խոսքերն ուղղված են եղել ադրբեջանական լսարանին:
Աղբյուր` Ermenihaber.am