«Նախընտրական քարոզարշավը հագեցած է նաեւ այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք հատուկ են նաեւ շոուներին: Բոլոր ընտրարշավներն էլ ունեն այդպիսի տարրեր: Դրանք միջոցներ են՝ գաղափարներն ընտրողին հասցնելու համար: Այնպես որ, գործընկերս չի սխալվել, այդ տարրերը բոլորի ընտրարշավներում էլ կան»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի այն հայտարարությանը, որը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շոու է, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց. «Չգիտեմ՝ շոու ասելով կոնկրետ ո՞ր դրվագը նկատի ունի Արարատ Զուրաբյանը, բայց մենք ամեն օր հավաքներ ենք իրականացրել վարչական շրջաններում: Մեր հավաքների ընթացքում չեն եղել լուսային եւ պատկերային տարրեր, մենք ուղղակի խոսել ենք ընտրողների հետ, չենք խորշել խոսել խնդիրների՝ այդ թվում աղբի եւ կոյուղու մասին»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հանդիպումներում են ավելի շատ շոուի տարրեր նկատվում, Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ դա իրենց մարտավարությունն է, իսկ «Լույսը» նման մարտավարություն չի որդեգրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ