Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից բացի, ճոխ շենք կունենա նաև Շիրակի քննչական վարչությունը

Սեպտեմբեր 20,2018 13:38

Գյումրու Շիրակացի փողոցի վրա գտնվող քաղաքապետարանի հին շենքը տրամադրվել է Շիրակի մարզային քննչական վարչությանը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Այստեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. շենքը վերանորոգվում է։

Քաղաքապետարանի պաշտոնյաները մեզ հետ զրույցում տեղեկացրին նաև, որ քաղաքապետարանի հին շենքն առաջարկվել է ոստիկանությանը, սակայն նրանք մերժել են։ Գլխավոր ճարտարապետը նույնիսկ հիշեց, որ մերժման պատճառաբանությունը եղել է քաղաքապետարանի հին շենքի վերանորոգման անչափ ծախսատար լինելը։

Հիշեցնենք, որ ոստիկանության նոր շենքը, որը դեռ պաշտոնապես չի հանձնվել, բացումն ամենայն հավանականությամբ շուտով կլինի, կառուցվել է Գյումրու, այսպես ասած, ամենատուրիստական փողոցում՝ Ռուսթավելիում։ Այսինքն՝ Գյումրու պատմական միջուկում, որտեղ մտադրված են ներդրումներ կատարել ու տուրիստական գոտու վերածել։

Խնդիրն այն է, որ ոստիկանության շենքի շինարարությունը սկսվել էր դեռևս 2015 թվականին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից «Կումայրի» արգելոցի տարածքում տուրիզմ զարգացնելու ծրագիր դեռևս մշակված չէր։

Ոստիկանությունն ակամա հայտնվեց Գյումրու ամենագեղեցիկ փողոցի, այսպես ասած, եվրոպական ու մշակութային հատվածում. մի կողմից Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի կավի արտադրամասն ու հյուրատունն է՝ իր եվրոպական շնչով, մյուս կողմից էլ «Սուրբ Նշան» եկեղեցին, որտեղ պատարագներն այսուհետ կուղեկցվեն երգեհոնային երաժշտությամբ, ու ընդհանրապես այս երաժշտությունը հաճախ կհնչի՝ տարածվելով փողոցով մեկ։

Քաղաքային իշխանությունների համար մխիթարանքը թերևս այն է, որ ոստիկանության նոր շենքը կառուցելիս՝ պահպանել են Գյումրու ճարտարապետությանը հատուկ գույները՝ սևն ու կարմիրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930