Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր երեք վճիռ է կայացրել Հայաստանի դեմ հայցով, ընդ որում՝ երեքն էլ բավարարվել են:
Մասնավորապես, դատարանը լիարժեք բավարարել է Գուլյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը:
Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
ՄԻԵԴ-ը բավարարել է նաև Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որը վերաբերում էր նրա՝ ոստիկանությունում ենթարկված խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը:
Այս գործով Հայաստանին պարտավորեցրել են Սաղաթելյանին վճարել 15600 եվրոյին համարժեք դրամ ոչ նյութական վնասի, և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Մասամբ բավարարվել է նաև Վարդգես Գասպարիի հայցը ընդդեմ Հայաստանի. հայցում նշված հոդվածներից մեկը՝ կապված բանտում պահման պայմանների հետ՝ մերժվել է: Գասպարիի գործով Հայաստանին պարտավորեցվել է նրան վճարել 4000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:
Նշված երեք հայցերի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առավոտի» նախորդ հրապարակման մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ