Մարի Իսկենդերյանին առաջին անգամ հանդիպեցի սեպտեմբերի 1-ի նախօրեին: Աչքերում կրակներ պահած` ժպտուն ու կենսախինդ կինն իր ամուսնու` ազգությամբ բելգիացի Պոլի և 4 զավակների հետ եկել էր Սևան: Նպատակը մեկն էր` ուրախություն պարգևել և թեթևացնել սոցիալապես անապահով սևանցի ընտանիքներին և նրանց դպրոցահասակ երեխաներին:
Ու իսկապես Մարին իր առաքելությունը կատարեց` արժանանալով շնորհակալ խոսքերի և երախտագետ հայացքների: Սա Մարիի ընտանիքի հերթական բարեգործական ծրագիրն էր, այս անգամ` Սևանում:
Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռևս 2015թ-ին, երբ աշխարհը հայ ժողովրդի հետ նշում էր Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը:
Մարին մեկն է հայ այն ժառանգներից, ով ծնվել է Հայաստանից շատ հեռու` եղեռնից մազապուրծ եղած, Սիրիայում և Պաղեստինում 2-րդ հայրենիք ու տուն գտած հայ գաղթականների զավակների ընտանիքում, ովքեր միմյանց հանդիպել էին Լիբանանում:
Մարիի ծնողների կյանքի քարտեզն էլ Լիբանանից ձգվում էր Ճապոնիա, ապա ԱՄՆ ու Եվրոպա: Շվեյցարիայում նրա ընտանիքը ոչ միայն մշտական բնակություն հաստատեց, այլ նաև կայացավ ու շատ հայերի համար ստեղծեց աշխատանք ունենալու հնարավորություն:
«Ընտանիքս իր տեղն ունեցավ Շվեյցարիայում: Երբևիցե Հայաստան տեսած չլինելով` մեծացա հայրենասեր և այն մտայնությամբ, որ մի օր Հայաստան եմ գալու»,- խոստովանում է Մարին:
Կազմելով ընտանիք, բնակվելով Լյուքսեմբուրգում, ունենալով 4 զավակ` Մարին Հայաստանի մասին տեղեկանում էր գրքերից ու լրահոսից և այն փոխանցում իր զավակներին:
«2015թ, երբ նշում էինք Եղեռնի 100-ամյակը, մեծ տղաս ինձ հարց տվեց` հիմա մեկ օրվա փոխարեն մեկ տարի պիտի հիշենք ու լանք: Սա ինձ համար ապտակ էր, քանի որ իմ զավակին, հայ լինելով, փոխանցել էի տխրություն ու լաց: Հենց այդ պահին հաստատ որոշեցի, որ 100-ամյակից հետո պիտի լինենք ուժեղ, հպարտ ու նայենք առաջ: Այդ ուժն էլ ամբարած` պիտի գանք ու մեր օգնությունը բերենք մեր երկրին»,- ասում է Մարին:
Ամիսներ անց` 2015-ի օգոստոսին, Մարին Հայաստանում էր: Իր պատմական հայրենիք ոտք էր դնում` սիրո, կարոտի, ինչ-որ բանով պիտանի լինելու մեծ ու անչափ հաճելի բեռով:
«Իջա ինքնաթիռից և հողը համբուրեցի: Իջա ու չգիտեի անելիքս, սակայն կարճ ժամանակ անց նկատեցի, որ նույնն ենք բոլորս, և մենակությունը չքացավ»,- հիշում է Հայաստանով ապրող կինը:
Իր երկրին սիրահարված Մարին իր զավակներին և ամուսնուն էլ այդ սիրուց բաժին հանեց, նրանց վարակեց Հայաստանով, ու երեխաները, հայերեն լեզուն չիմանալով, իրենց բնավ խորթ չեն զգում այս հողի վրա:
Մարիի ու նրա ընտանիքի «Հրաշք հայեր» նախաձեռնությունը հասել է Հայաստան, գտել հասցեներ` Երևան, Սևան, Հրազդան: 7 լեզվի տիրապետող Մարին հասցնում է արագացված դասեր տալ, Հրազդանում գործող «Աջակցություն երեխաներին» կազմակերպության վերականգնողական կենտրոն հաճախող հատուկ կարիքներով երեխաների ծնողների հետ հոգեբանական աշխատանք կատարել, հասցրել է նաև հոգալ վերականգնողական կենտրոնի գործունեության ֆինանսական հարցերը: Այս ամենին զուգահեռ կարիքավոր և խոցելի ընտանիքների երեխաներին ուրախացնում է բարեգործական ծրագրերով: Մարիի երեխաներն էլ են սերտել բարեսիրության դասերը. իրենց ծննդյան տոների համար նախատեսված գումարով հասակակից երեխաներին պարգևում են ուրախության պահեր, ինչպես եղավ սեպտեմբերի 1-ի նախօրեին Սևանում:
Մարին երեխաների արարքը համարում է բնական և ասում է. «4 երեխաներիս ներգրավել եմ իմ գործունեության մեջ, գիտեմ, որ մի օր ինձանից ավելի լավ կանեն այդ ամենը»:
Հայրենիքն իր աչքերով տեսած, հոգով զգացած ու սիրած, Հայաստանով ապրող ու նրանից ուժ առած Մարին հիմա էլ նոր որոշում է մտմտում` տեղափոխվել Հայաստան:
Գիտի` հեշտ չի լինելու, ավելին` աչքի առաջ ունի բոլոր դժվարությունները. Լյուքսեմբուրգի հարմարավետ կյանքը փոխելու է հայաստանյան ոչ այնքան փափուկ կյանքի հետ` այնտեղ թողնելով եկամտաբեր աշխատանք, կյանքի բարեկեցիկ պայմաններ:
«Ուզում եմ հույս և ուրախություն բերել մարդկանց: Այս հեղափոխությունն էլ նպաստեց, որ նոր մտքեր ծնվեն, հայրենիքը ձգի կրկնակի, հավատն էլ ապագայի նկատմամբ ավելանա: Հայաստանին պետք է ձեռք մեկնենք յուրաքանչյուրս մեր չափով` հոգեպես, ֆիզիկապես, ֆինանսապես, նոր մտքերով ու գաղափարներով: Բախտավոր ենք, որ ապրեցինք ու վայելեցինք այս պատմական պահը»,- նշում է Մարին:
Մարիի ոգևորությունն ու լավատեսությունն անսպառ է, որոնցից նա իր բարեսիրական ծրագրերի շնորհիվ բուռ բուռ բաժին է հանում սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, իր աջակցության կարիքն ունեցող մարդկանց:
Հայրենիքում սեփական տուն ունենալու ցանկությունն էլ դարձել է իրողություն, որն այստեղ մնալու ևս մեկ առիթ է:
Հիմա Մարին դասդասում է իր կյանքը` 2015թ-ից առաջ և հետո: 2015-ից հետո գտածն անգնահատելի է, որը չի ուզում կորցնել` անկախ սպասվող դժվարություններից:
«Երեխաներս լավ գիտեն, որ սա մերն է, ու չնայած լեզվական բարդություններին, պիտի սիրեն ու սովորեն մերը: Կարծում եմ, որ հայրենիքում ամեն ինչ հաջողելու ենք, և յուրաքանչյուր հարց ստանալու է իր պատասխանը: Ամեն ինչ պիտի արվի հիմա ու այս պահին: Հեռու ափերից հասել եմ այստեղ ու գիտեմ, որ իմ հայրենիքն իմ կարիքն ունի, ես` նրա: Սա հասկանում և ընդունում է նաև իմ ամուսինը, որ իմ միջոցով սիրեց այս երկիրը»,- ավելացնում է Մարին:
Ամեն ինչի համար ժամանակ է պետք: Սա գիտակցում են նաև հայրենիք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդիկ ու տունդարձի ճանապարհը փորձում են կարճել իրենց հաճախակի այցերով:
Մարին կրկին գալու է հոկտեմբերին, գալու է նոր ծրագրերով: Դեռ չմեկնած Հայաստանից` արդեն կարոտում է: Հենց այդ կարոտն էլ մեծագույն պատասխանն է ամեն ինչի, որ շատ հայերի բերելու է Հայաստան` այստեղ մեկընդմիշտ ապրելու ակնկալիքով և մեծագույն հավատով:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ